«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ». Սերդար Քըլըչ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը որակել է որպես «պատմական փոփոխություն»՝ նշելով, որ Թուրքիայի հետ վեճի առիթ դարձած ձևակերպումը հանվել է:

«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. հանվել է այն ձևակերպումը, որը տարաձայնությունների տեղիք էր տվել Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ինչպես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման հարցում»,- գրել է Քըլըչը X-ի իր միկրոբլոգում՝ կիսվելով թուրքական Sabah պարբերականի հոդվածով։

Նոր Սահմանադրության նախագծի նախաբանում բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Եթե Բաքուն խնդրահարույց է համարում Անկախության հռչակագրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակումը, ապա Անկարայի դժգոհության առիթն այն է, որ փաստաթղթում ամրագրվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատար կանգնելու ձևակերպումը:

Ավելի վաղ՝ 2025 թվականի ապրիլին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, պատասխանելով ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հարցերին, Սերդար Քըլըչը նշել էր, որ դա Հայաստանի ներքին գործն է, և միայն հայ ժողովուրդն ու Հայաստանի ինստիտուտներն են որոշելու, թե երբ և ինչպես իրականացնել այդ գործընթացը։