Պուտինը կինոռեժիսոր Սոկուրովին հեռացրել է Մարդու իրավունքների խորհրդի կազմից

Կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրով

Վերջին տարիներին Սոկուրովը մի շարք հարցերում հրապարակայնորեն արտահայտել է իր անհամաձայնությունը Ռուսաստանի իշխանությունների քաղաքականությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը հեռացվել է Ռուսաստանի նախագահի առընթեր Մարդու իրավունքների խորհրդի կազմից։

Ալեքսանդր Սոկուրովը Ռուսաստանի ամենահայտնի կինոռեժիսորներից է, «Ռուսական տապան», «Մոլոք», «Արևը» և «Ֆաուստ» ֆիլմերի հեղինակը։ 2011 թվականին «Ֆաուստ» ֆիլմի համար նա արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծին»։

Սոկուրովը Մարդու իրավունքների խորհրդի անդամ էր 2018 թվականից։ Վերջին տարիներին Սոկուրովը մի շարք հարցերում հրապարակայնորեն արտահայտել է իր անհամաձայնությունը Ռուսաստանի իշխանությունների քաղաքականության հետ։

Անցած տարի եկտեմբերին՝ Պուտինի մասնակցությամբ նույն խորհրդի նիստում, Սոկուրովը կոչ էր արել արվեստի ոլորտում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը չափազանց խիստ չկիրառել։ Նա նոր մարդկանց՝ ամեն շաբաթ այդ ռեգիստրում ընդգրկելը նվաստացուցիչ էր որակել։ Ռեժիսորի խոսքով՝ պետությունը պետք է երկխոսություն վարի արվեստի միջավայրի, երիտասարդության և ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների հետ։

2021 թվականին ևս Սոկուրովը Պուտինի հետ սուր բանավեճի էր բռնվել։ Խորհրդի նիստում նա բարձրացրել էր Հյուսիսային Կովկասի հանրապետությունների և ազգային ինքնության հարցերը՝ խոսելով նաև այն մարդկանց մասին, որոնք չեն ցանկանում մնալ Ռուսաստանի կազմում։ Պուտինը կտրուկ հակադարձել էր՝ պնդելով, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել Ռուսաստանի փլուզմանը։ Սոկուրովի ելույթը քննադատել էր նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

Ավելի վաղ՝ 2026 թվականի հունվարին, Սոկուրովը հեռացվել էր նաև կառավարությանն առընթեր կինեմատոգրաֆիայի զարգացման խորհրդի կազմից։ Այն ժամանակ ռեժիսորը հայտարարել էր, որ այդ որոշումը համարում է կազմի սովորական ռոտացիա և այն չէր կապել Պուտինի հետ ունեցած իր տարաձայնությունների հետ։

Սոկուրովը Երևանում

2012 թվականին նա առաջին անգամ այցելեց Երևան՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Ներկայացրեց իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը և արժանացել Փարաջանովի անվան հատուկ մրցանակի։

Ավելի քան 10 տարի անց՝ 2023-ին Սոկուրովը կրկին Երևանում էր։ Կինո տանը տեղի ունեցավ նրա «Հեքիաթ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը մերժել էր Հեքիաթ»-ի վարձույթի թույլտվությունը։

«Հեքիաթը» փորձարարական ֆիլմ է, որտեղ արխիվային պատկերների և դիփֆեյք տեխնոլոգիայի միջոցով ներկայացվում է Ստալինի, Չերչիլիի, Մուսոլինիի և Հիտլերի հանդիպումը հանդերձյալ աշխարհում։ Ինչից հետո Սոկուրովը հայտարարել էր՝ «իր մասնագիտական կարիերան ավարտված է»։

Հաջորդ տարի՝ 2024-ին նախատեսվում էր, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կբացվի ռեժիսորական վարպետանոց և Սոկուրովը երկու տարի կդասավանդի մագիստրատուրայում։

Սակայն ծրագիրը չիրականացավ․ Սոկուրովը հայտարարեց, որ բուհի ղեկավարության հետ արդյունավետ երկխոսության բացակայության պատճառով չի կարողանա ապահովել ուսումնական ծրագրի իր պատկերացրած բովանդակությունը։