Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու

Դենիս Ջորկաեֆ, ՀՖՖ նախագահի թեկնածու

ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն է։

Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու՝ դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

Ջորկաեֆը հայտնում է, որ իր թեկնածությունն առաջադրել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբը՝ նշելով, որ ավելի քան 30 տարի իր կյանքը կապված է ֆուտբոլի հետ․ եղել է ֆուտբոլիստ, ֆուտբոլային գործակալ, ակումբի նախագահ և մարզական տնօրեն։

Նա նաև աշխատել է Ֆրանսիայում՝ որպես փոխքաղաքապետ, ինչպես նաև ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական։

«Այսօր ցանկանում եմ իմ փորձն ու ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին, մեր ակումբներին, ֆուտբոլիստներին ու մրցավարներին», - գրել է Ջորկաեֆը։

Նա հայտնել է, որ տեղափոխվում է Հայաստան՝ այստեղ ապրելու և աշխատելու, և առաջիկա օրերին կներկայացնի հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականն ու 2027-2031 թվականների ծրագիրը։

Ջորկաեֆը ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆի որդին է և աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը։

ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն է։ Նրա թեկնածությունն առաջադրել է Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը չի առաջադրի իր թեկնածությունը դեկտեմբերի 21-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում։

Մելիքբեկյանն այս մասին հայտարարել էր դեռ հունիսին՝ «Podcast with Garamyan»-ի եթերում։

ՀՖՖ-ն դեռ պաշտոնապես չի հրապարակել թեկնածուների գրանցված ցանկը։ Ընտրական կոմիտեն 10 օր ունի՝ թեկնածուների համապատասխանությունը ստուգելու համար, որից հետո անունները կհրապարակվեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՖՖ-ն փոխում է նախագահի թեկնածուներին ներկայացվող պահանջները. ինչո՞ւ