Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, հնդիկ իրավապաշտպան Քայլաշ Սաթյարթիին, որն այս օրերին Հայաստանում է՝ մասնակցելու Digitec համաժողովին։
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը ողջունել է Սաթյարթիի այցը և հիշել 2024 թվականին Երևանում կայացած իրենց հանդիպումը, որի ընթացքում քննարկել էին երեխաների իրավունքներին և կրթությանը վերաբերող հարցեր։
Սաթյարթին իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունը՝ նշելով, որ հայաստանյան գործընկերների հետ ակտիվ փոխգործակցություն է պահպանում։
Զրուցակիցները կարևորել են հատկապես սոցիալական պաշտպանության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցությունը։
Ո՞վ է Քայլաշ Սաթյարթին
Քայլաշ Սաթյարթին 2014 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի հետ՝ երեխաների և երիտասարդների ճնշումների դեմ պայքարի և կրթության իրավունքի պաշտպանության համար։
Նրա հիմնադրած կազմակերպությունը, ըստ Նոբելյան մրցանակի պաշտոնական կենսագրության, Հնդկաստանում շահագործումից ազատել է ավելի քան 83 հազար երեխայի՝ նպաստելով նրանց կրթությանը, վերականգնմանը և հասարակություն վերաինտեգրմանը։
Սաթյարթին նաև «Մանկական աշխատանքի դեմ գլոբալ երթ» շարժման նախաձեռնողներից է։ Նրա գործունեությունը նպաստել է Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի արգելման մասին 182-րդ կոնվենցիայի ընդունմանը 1999 թվականին։
Նա շարունակում է միջազգային մակարդակով պայքարել մանկական աշխատանքի, երեխաների թրաֆիքինգի և շահագործման դեմ՝ կարևորելով բոլոր երեխաների կրթության իրավունքը։