Ով է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանը

Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սամվել Մկրտչյանը: Նախագահի մեկ այլ հրամանով էլ հետ է կանչվել արդեն նախկին դեսպան Գուրգեն Արսենյանը, որ պաշտոնավարում էր 2024 թվականից:

67-ամյա Սամվել Մկրտչյանը մինչ այդ Լեհաստանում, դրանից առաջ էլ Լիբանանում էր Հայաստանի դեսպանը: Նախկինում նա դիվանագիտական տարբեր պաշտոններ է զբաղեցրել:

Արտաքին գործերի նախարարությունում ղեկավարել է Եվրոպայի վարչությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային խմբի անդամ է եղել: Ավստրիայում, Հունգարիայում, Սլովակիայում ՀՀ ներկայացուցչության գործերի հավատարմատար, ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կառույցներում, Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպությունում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ:

Երկարամյա դիվանագետը Մոսկվա է գնում հայ - ռուսական աննախադեպ լարված հարաբերությունների պայմաններում: Ռուսաստանը տարեսկզբից արգելել է հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծումն ու տարանցումը ԵԱՏՄ տարածքով, պահանջում է հանրաքվե անել ու արագ ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև: Հայաստանի իշխանությունները հակադարձում են, որ հանրաքվեի պահը չի հասունացել, իսկ տնտեսական պատժամիջոցներն անհիմն են:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Լեհաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Վահան Հունանյանը: Սա 40-ամյա Հունանյանի առաջին նշանակումն է դեսպանի պաշտոնում: Նա 2021-2023 թվականներին եղել է ԱԳՆ մամուլի խոսնակը, ապա նախարարի օգնականը, հետո խորհրդականը: