«Առանց իր առաջարկների իրեն կհեռացնենք». Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է միլիարդատեր գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը։

Սամվել Կարապետյանն այսօր արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանն արված առաջարկին, դատարանի դահլիճում հակադարձեց. «Առանց իր առաջարկների իրեն կհեռացնենք»:

Թե ինչ տարբերակով են հեռացնելու Փաշինյանին իշխանությունից, Սամվել Կարապետյանը չմանրամասնեց, նշելով միայն, թե դա անելու են «շատ հեշտ»:

Հարցին, թե արդյոք հավատո՞ւմ է Փաշինյանին, որ կհեռանա իշխանությունից, եթե ընդդիմությունը համաձայնի նոր Սահմանադրության հանրաքվե անցկացնել, Կարապետյանը պատասխանեց. «Համենայն դեպս կարիք չունեն, մենք հեռացնելու ենք»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդդիմությանը նորից առաջարկեց խորհրդարանում կողմ քվեարկել և աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն: Փոխարենը խոստացավ՝ անկախ հանրաքվեի արդյունքներից այլևս չի առաջադրվի վարչապետի պաշտոնում։

«Մի դեպքում՝ կիսատ թողած խաղաղության օրակարգը, որովհետև փաստացի ստացվում է, որ էդ օրակարգը չի ստանում ժողովրդի աջակցությունը՝ առնվազն իմ մատուցմամբ, երկրորդ տարբերակում ես իրացնելով մինչև հաջորդ ընտրությունները էս կարգավիճակով՝ հաջորդ ընտրություններում արդեն չեմ լինում վարչապետի թեկնածու, և դրանով ֆունդամենտալ խնդիրը լուծվում է», - երեկ հայտարարեց Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկը ընդդիմությանը

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը մեղադրվում է մի քանի հոդվածներով, մի քրեական գործը դատարանում է, իսկ մյուսը, որը հարուցվել է այս ամսվա սկզբին՝ նախաքննության փուլում:

Նոր գործով Սամվել Կարապետյանը մեղադրվում է ՀԷՑ ին 64.5 միլիարդ դրամի վնաս պատճառելու համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում թե՛ այս, թե՛ մյուս գործով, որով նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության համար։