Երևանում է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սեյեդ Սաթար Հաշեմին այցելել է Երևան՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի հրավերով։

«Այցի շրջանակում նախատեսված են բազմաթիվ ծրագրեր։ Մասնավորապես, երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նպատակով առանցքային ուղղություններից մեկը երկկողմ օպտիկամանրաթելային կապի ենթակառուցվածքների զարգացման վրա կենտրոնանալն է, Հայաստանի ներուժի օգտագործումը փոստային առաքումների և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների զարգացման գործում, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում համատեղ համագործակցությունը։ Այս հարցերը ներառված են այցի օրակարգում», - իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Սեյեդ Սաթար Հաշեմին:

Նոյեմբերի 9-ին էլ Հայաստանում գտնվող Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Նիկոլ Փաշիյանի հետ քննարկել էր տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը, սահմանային ենթակառուցվածքները, փոստային և լոգիստիկ ծառայությունների ընդլայնումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանը և Թեհրանը քննարկել են հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացները