Լարված իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին. դատավորը սպառնացել է պաշտպանին հեռացնել վարույթից

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը դեռ չմեկնարկած՝ կես ժամով հետաձգվել է։ Պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդել է ընդմիջում հայտարարել, որպեսզի կարողանա մասնակցել մեկ այլ անհետաձգելի դատական նիստի։

Դատարանում լարված իրավիճակ է ստեղծվել, երբ դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարել է, որ եթե Օրբելյանը ընդմիջումից հետո չվերադառնա, նրա բացակայությունը կհամարվի անհարգելի։

Դատավորը նաև զգուշացրել է, որ երկու անհարգելի բացակայության դեպքում պաշտպանը կհեռացվի վարույթից։

Ռոբերտ Քոչարյանը Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի հետ մեղադրվում է 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների գործով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Երկրորդ նախագահը մեկ այլ գործով էլ մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Քոչարյանը մեղադրանքները չի ընդունում։