Վրաստանի կառավարության որոշմամբ՝ նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիի Քվեմո Փոնիճալա թաղամասում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին։ Երկրի ողջ տարածքում պետական դրոշները կխոնարհվեն։
Նոյեմբերի 19-ի առավոտյան հինգհարկանի բնակելի շենքում բնական գազի կուտակման հետևանքով պայթյուն էր տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա։ Եվս հինգ տուժած հոսպիտալացվել է։
Փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել երեք տարեկան երեխայի։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ փրկարարական աշխատանքները գործնականում ավարտվել են։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել անվտանգության կանոնների խախտման հոդվածով։