Պետական աշխատողների սոցփաթեթների ծրագիրն այլևս չի գործի

Կառավարությունը մտադիր է վերացնել պետական աշխատողների համար սահմանված սոցփաթեթների ծրագիրը։ Համապատասխան օրենքներում փոփոխությունների նախագծերին կառավարությունը հավանություն կտա այսօրվա նիստում։

Ըստ աշխատանքի և բարեկեցության նախարարության հիմնավորումների՝ ատեստավորման և աշխատանքի կատարողականի գնահատման արդյունքներով պաշտոնյաների վարձատրությունը, բազային աշխատավարձի աճը, առողջապահական ապահովագրության առկայությունը նպատակահարմար են դարձնում սոցփաթեթների դադարեցումը։

Նախարարությունը հիշեցրել է՝ սոցփաթեթները ներդրվել են 2012-2013 թվականներին, երբ պետական հատվածում վարձատրությունը համեմատաբար ցածր էր և այդ պայմաններում տարեկան լրացուցիչ 72 000 դրամն արտոնություն էր։ Ըստ հիմնավորումների՝ սոցփաթեթի ներկա ծրագրով կա անհավասարություն, միևնույն ոլորտում աշխատող ոչ բոլոր պետական կազմակերպությունների աշխատողներն են, որ ունեն սոցիալական փաթեթի իրավունք։

Նախատեսվում է, որ ծրագիրը կդադարեցվի հունվարի 1-ից, դրա արդյունքում կխնայվի տարեկան մինչև 11.7 մլրդ դրամ։ Սոցիալական փաթեթի շահառուները 2027 թվականի հուլիսի 1-ից հետո կարողանալու են առանց ժամկետային կամ այլ սահմանափակման ազատորեն տնօրինելու իրենց սոցփաթեթի հաշիվներում կուտակված գումարները։