Վինսենթ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավը Նյու Յորքի Sotheby's աճուրդի տանը վաճառվել է ռեկորդային 190 միլիոն 430 հազար դոլարով՝ դառնալով նկարչի ամենաթանկ աշխատանքը, որը երբևէ ներկայացվել է աճուրդի։
Աճուրդին նախորդել էր վեճը նկարի ներկայիս սեփականատերերի և գերմանացի հրատարակիչ Սամուել Ֆիշերի ընտանիքի ժառանգների միջև, որոնք կտավի սեփականատերն էին Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ: Կողմերը համաձայնության են եկել աճուրդի նախօրեին՝ վերացնելով ստեղծագործության վաճառքի խոչընդոտները:
Ֆիշերի ժառանգները դեմ էին նկարի վաճառքին
Կտավը հեղինակը նկարել է 1890 թվականի մայիսին Ֆրանսիայի Օվեր-սյուր-Ուազ քաղաքում՝ իր մահից ընդամենը երկու ամիս առաջ։ Այն պատկերում է ծաղկած շագանակենիներ ճանապարհի երկայնքով, որով քայլում են մի տղամարդ և երեք կին։
Sotheby's աճուրդի տան տվյալներով՝ հրեա հավաքորդ Սամուել Ֆիշերը, «Ս. Ֆիշեր» հրատարակչության հիմնադիրը, աշխատանքը ձեռք է բերել Փարիզում 1909 թվականին։ Ֆիշերի մահից հետո նկարն անցել է նրա կնոջը, իսկ 1936 թվականին այն վաճառվել է մեկ այլ ընտանիքի։ Ավելի ուշ՝ 1975 թվականին, այն ձեռք է բերել արգենտինացի Բլակիե-Արիետա ընտանիքը, որը գրեթե կես դար եղել է կտավի սեփականատերը:
Աճուրդից կարճ ժամանակ առաջ Սամուել Ֆիշերի ժառանգները դեմ էին նկարի վաճառքին։ Նրանք կարծում էին, որ Ֆիշերների ընտանիքը 1936 թվականին նկարից հրաժարվել է ոչ թե իր կամքով, այլ նացիստական Գերմանիայում հրեաների հալածանքների պատճառով։
Ժառանգների փաստաբան Գունար Շնաբելը պահանջել է ապացույցներ, որ 1936 թվականի գործարքը տեղի է ունեցել շուկայական գնով և հրեական ընտանիքի նկատմամբ խտրականության արդյունք չէ։
Գույքային վեճը կարգավորվել է
Sotheby's-ը պնդում է, որ լայնածավալ ուսումնասիրություն է անցկացրել նկարի սեփականության պատմության վերաբերյալ: Աճուրդի տան տվյալներով՝ աշխատանքը 1932-ից 1933 թվականներին գտնվել է Ամստերդամի մի պատկերասրահի սեփականատիրոջ մոտ և վաճառվել է 1936 թվականի հունիսին 68,000 շվեյցարական ֆրանկով: Ըստ Sotheby's-ի՝ հետաքննությունը չի հայտնաբերել հարկադրանքի տակ կամ ցածր գնով վաճառքի որևէ ապացույց։
Աճուրդից մեկ օր առաջ Sotheby's-ը հայտարարեց, որ Բլաքյե-Արիետա ընտանիքի և Սամուել և Հեդվիգ Ֆիշերների բոլոր օրինական ժառանգների միջև համաձայնություն է ձեռք բերվել: Համաձայնության պայմանները չեն հրապարակվել: Sotheby's-ը նշել է, որ համաձայնությունը թույլ է տալիս Ֆիշեր ընտանիքին ճանաչել Հոլոքոստի ժամանակ իրենց կրած տառապանքները՝ միաժամանակ շարունակելով վաճառել արվեստի գործերը:
Մինչ օրս Վան Գոգի ամենաթանկ աշխատանքը «Ծաղկող մրգատու այգի՝ կիպարիսերով» կտավն էր, որը 2022 թվականին վաճառվել է 117.2 միլիոն դոլարով։