Թրամփը հանդիպում է Չինաստանի նախագահի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը (աջից) ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Քիլին Վիլլա» հանգստավայրում, 19-ը նոյեմբերի, 2026թ. Շենժեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, հայտնում է չինական CCTV լրատվամիջոցը:

Հանդիպումն անցկացվում է Շենժենի «Քիլին Վիլլա» հանգստավայրում, որը տարիներ շարունակ հյուրընկալել է չինացի և օտարերկրյա առաջնորդների։

Այսօր ավելի ուշ տեղի կունենա նաև եռակողմ հանդիպում ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև:

ԱՄՆ նախագահը Չինաստանի առաջնորդի կողմից իրեն ցուցաբերված շքեղ ընդունելությունը որակել է որպես «մեծ հաղթանակ»՝ եռակողմ հանդիպումից առաջ։

Թրամփը հիշել է 2017 թվականին Չինաստան կատարած իր առաջին պետական այցը։ «Նախագահ Սիի հետ մենք ձևավորել ենք բացառիկ անձնական հարաբերություններ: Ոմանք դժգոհ են դա լսելիս, բայց ես շատ ուրախ եմ դրա համար։ Եվ որոշ մարդիկ իրականում ոգևորված են»,- ասել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շենժենում այսօր կանցկացվի Պուտին-Թրամփ-Ծինփին հանդիպում

Թրամփն ասել է, որ երեկ երեկոյան ընթրիքի ժամանակ մոտ երկու ժամ շփվել է Չինաստանի առաջնորդի հետ, ապա վստահեցրել, որ այսօրվա հանդիպումն արդյունավետ կլինի:

ԱՄՆ նախագահը նշել է, որ թե՛ ինքը, թե՛ Ծինփինը համակարծիք են, որ Հորմուզի նեղուցը պետք է վերաբացվի, և նավթը պետք է հոսի ջրային այս ուղով:

Թրամփն ասել է, որ երկու երկրներն արդարացիորեն են բաժանել մաքսատուրքերը: «Մենք հարաբերությունները արդար ենք դարձրել»,- ասել է նա՝ հավելելով, որ կխնդրի Սի Ծինփինին ավելին անել ամերիկացի ֆերմերների համար:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ նախատեսում է Սի Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայի պատերազմի ավարտը: Հարցն ավելի ուշ կքննարկվի նաև Պուտինի և Ծինփինի հետ եռակողմ հանդիպման ժամանակ, ասել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շենժենում այսօր կանցկացվի Պուտին-Թրամփ-Ծինփին հանդիպում

Չինաստանի նախագահն իր հերթին ասել է, որ պատրաստ է համագործակցել Թրամփի հետ՝ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները ճիշտ ուղղությամբ շարունակելու համար: Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները, ընդհանուր առմամբ, կայուն են և բարելավվում են:

Չինաստան-ԱՄՆ կառուցողական, ռազմավարական կայունության հարաբերությունների կառուցումը նույնպես աննախադեպ է, ասել է Չինաստանի նախագահը:

Reuters-ը նշում է, որ ըստ վերլուծաբանների՝ աշխարհի խոշորագույն միջուկային տերությունների առաջնորդների հանդիպումը, հաշվի առնելով Ուկրաինայի, Իրանի, միջուկային զենքի և առևտրի շուրջ խորը տարաձայնությունները, քիչ հավանական է, որ հանգեցնի լուրջ համաձայնությունների։ Սակայն այն անհանգստացրել է փոքր երկրներին, որոնք վախենում են, որ իրենց շահերը կարող են անտեսվել։

Մինչ այդ էլ Թրամփը մոտ կես ժամ հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրան անվանելով «ընկեր»։