Երևանում մեկնարկել է անհայտ կորածների հարցերով միջազգային համաժողովը

Երևանում մեկնարկել է անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը:

Համաժողովը կազմակերպել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը և ՀՀ պետական մարմինները, դրան մասնակցում են քաղաքական գործիչներ, փորձագետներ, իրավապաշտպաններ և տուժած ընտանիքների ներկայացուցիչներ:

Համաժողովում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հատկապես գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագիրը պարզելը հնարավոր չէ առանց միջազգային համագործակցության:

«Ամենաբարդ իրավիճակն այն է, որ հարցերի պատասխաններ չկան ու խնդիրը դրանք գտնելն է։ Հայաստանի իշխանությունները երբեք չեն դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ»,- վստահեցրեց նա:

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանը վերջին տարիներին աշխատանքներ է ձեռնարկել անհայտ կորածների նույնականացման ուղղությամբ։

«Խաղաղությունն առավել ամուր է դառնում այն ժամանակ, երբ ուղեկցվում էր ցավի լուծմամբ ու ապագայի հանդեպ վստահության ձևավորմամբ։ Հայաստանը պատրաստ է շարունակել ջանքերը այդ ուղղությամբ», - ասաց Սիմոնյանը:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ շեշտեց՝ ոչ ոք մոռացված չէ. - «Այս հարցերը նախկինում էլ, հիմա էլ մեր առաջնային անելիքների ցանկում է։ Արդյունավետ գործողությունների համար կարևոր է համագործակցությունը հակամարտող կողմի հետ»:

Չնայած պաշտոնյաների այս հավաստիացումներին, անհայտ կորածների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ իշխանություններից պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել իրենց հարազատների ճակատագիրը պարզելու ուղղությամբ:

Հայկական կողմի տվյալներով՝ ղարաբաղյան երկու պատերազմներից հետո անհայտ կորած է մնում ավելի քան 1000 մարդ: Ադրբեջանը 4000 հազար հոգու հարց է բարձրացնում: