Ռումբի կեղծ ահազանգերի պատճառով Իսպանիայում տարհանել են ավելի քան 10 դպրոց

Իսպանիայի հյուսիս-արևմտյան Գալիսիա շրջանում այսօր ավելի քան 10 դպրոց է տարհանվել՝ էլեկտրոնային փոստով ստացված ռումբի կեղծ ահազանգերից հետո։ Այդ մասին հայտնել է Իսպանիայի ազգային ոստիկանությունը։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ սպառնալիք պարունակող նամակներն ուղարկվել են անմիջապես դպրոցներին։ Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները կասկածելի սարքեր չեն հայտնաբերել։

Սա Եվրոպայում վերջին շրջանում գրանցված կեղծ ահազանգերի և կիբերհարձակումների հերթական դեպքն է։ Դրանց թիրախում են հայտնվել նաև սուպերմարկետներ, արյան բանկեր, օդային երթևեկության կառավարման համակարգեր և հեռարձակող ընկերություններ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռումբի սպառնալիքներ Եվրոպայի երկնքում

Անցած շաբաթ Իտալիայի կառավարությունը հայտարարել էր, որ հանրային շենքերը պետք է տարհանվեն միայն այն դեպքում, երբ վտանգի կոնկրետ ապացույցներ կան։ Նույն ժամանակահատվածում Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության իշխանությունները հայտնել էին, որ բազմաթիվ դպրոցներ արտերկրից նմանատիպ սպառնալից նամակներ են ստացել։ Դրանք կեղծ ահազանգեր էին, և դասերը շարունակվել էին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Wizz Air-ը Եվրոպային կոչ է անում համատեղ պայքարել ռումբի կեղծ ահազանգերի դեմ

Եվրոպացի որոշ պաշտոնյաներ կասկածում են, որ առօրյա կյանքի բնականոն ընթացքը խաթարելու այս արշավի հետևում կարող է կանգնած լինել Ռուսաստանը։ Նրանց կարծիքով՝ այն ուղղված է Ուկրաինային աջակցող եվրոպական երկրների դեմ։ Մոսկվան հերքում է առնչությունը և Արևմուտքին մեղադրում զրպարտչական արշավի մեջ։