Լրագրողական կազմակերպությունները պահանջում են հետ կանչել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերը փոխող նախագիծը

Մի շարք լրագրողական կազմակերպություններ պահանջում են հետ կանչել զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման նվազագույն և առավելագույն շեմ սահմանող նախագիծը:

Նախօրին e-draft.am-ում հրապարակվել է Արդարադատության նախարարության մշակած՝ «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերանայվում են մասնավորապես վիրավորանքի ու զրպարտության համար դրամական փոխհատուցման չափերը։

Նախագծով նախատեսվում է վերանայել վիրավորանքի, զրպարտության, հիմնարար իրավունքների խախտման, անարդարացի դատապարտման և խոշտանգման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման չափերը՝ սահմանելով հատուցման նվազագույն և առավելագույն շեմեր։ Բացի արդեն իսկ սահմանված հատուցման վերին շեմից (վիրավորանքի համար 3 մլն դրամ, զրպարտության համար 6 մլն), այժմ նախատեսվում է նաև նվազագույն շեմ, համապատասխանաբար՝ 1 և 2 մլն դրամի չափով։

Լրագրողական կազմակերպությունները այս փոփոխություններն ու լրացումները խիստ մտահոգիչ են համարում հատկապես լրագրողների և լրատվամիջոցների համար, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը վերաբերում է նախևառաջ լրատվական գործունեություն իրականացնողների պատասխանատվությանը։

Հայտարարության տակ ստորագրած 9 լրագրողական կազմակերպությունը ընդգծում են՝ դեմ են, որ «վիրավորանքի և զրպարտության առնչությամբ իշխանությունների կողմից կիրառվող պատասխանատվության մեխանիզմները սպառնալիք դառնան արտահայտվելու ազատության և լրատվամիջոցների քննադատական խոսքի համար»։

«Ճիշտ է, փաստաթղթի հեղինակները նշում են, որ վիրավորանքի կամ զրպարտության յուրաքանչյուր դեպք չպետք է ինքնաբերաբար հանգեցնի դրամական փոխհատուցման, սակայն սա միայն բարի ցանկություն է, և չկա որևէ երաշխիք, որ փոփոխությունները մամուլին ֆինանսապես ճնշելու օրինական գործիք չեն դառնա», - նշված է հայտարարությունում։

Լրագրողական կազմակերպությունները Արդարադատության նախարարությունից նաև պահանջում են նախագիծն ուղարկել Եվրոպայի խորհուրդ և այլ միջազգային կառույցներ՝ փորձաքննություն իրականացնելու և եվրոպական նորմերին համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն ստանալու համար։