Պուտինն ու Թրամփը Չինաստանում․ ի՞նչ հարցեր են քննարկելու երեք առաջնորդները

Այսօր երեկոյան ակնկալվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը

Պուտինն ու Թրամփը ժամանել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության անդամ երկրների առաջնորդների պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։

Ջերմ ընդունելություն

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը օդանավակայանում անձամբ է դիմավորել Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ։

Շենժենի Բաոանի միջազգային օդանավակայանում կայացած դիմավորման ժամանակ երկու առաջնորդները նախ գրկախառնվել են։ Սա փոխադարձ ժեստ էր․ սեպտեմբերին Թրամփն էր Սիին դիմավորել Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաբազայում։


Չինաստանն այս տարի հյուրընկալում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) ամենամյա գագաթնաժողովը։ Այն միավորում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 տնտեսություն։

Թրամփին օդանավի աստիճանների մոտ դիմավորել են Սի Ծինփինը, երկու երկրների պետական օրհներգերը հնչեցնող երաժիշտները և երկնքում գունավոր հետքեր թողնող կործանիչները։

Առաջնորդները քայլել են կարմիր գորգով, որի երկայնքով կանգնած մարդիկ ծածանել են Չինաստանի և ԱՄՆ-ի դրոշները, գունավոր փնջեր և բացականչել՝ «Ջերմորեն ողջունում ենք ձեզ»։

Ավելի ուշ Թրամփին տեղափոխել են քաղաք՝ սև լիմուզինների շարասյունով։ AFP-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ ընթացքում փողոցները փակ են եղել երթևեկության համար։

Հինգշաբթի նախատեսված եռակողմ հանդիպմանն ընդառաջ Շենժենում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել։

Պուտին-Թրամփ-Սի եռակողմ հանդիպման օրակարգում՝ Իրան, միջուկային զինաթափում ու Ուկրաինա

Վաշինգտոնի փոխանցմամբ՝ առաջնորդները կքննարկեն Իրանի շուրջ պատերազմը և միջուկային զինաթափումը։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինությունների սահմանափակման մասին երկկողմ պայմանագրի գործողության ժամկետը լրացել է փետրվարին։

Պեկինը երկար ժամանակ պնդում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը նախ պետք է կրճատեն իրենց միջուկային հսկայական զինանոցները, ապա միայն Չինաստանը պատրաստ կլինի քննարկել սեփական՝ համեմատաբար փոքր զինանոցի հարցը։

Վաղվա հանդիպումից առաջ Պուտինն այսօր արդեն հանդիպել է Չինաստանի ղեկավարի հետ և քննարկել երկկողմ հարաբերություններն ու միջազգային իրավիճակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինն ակնկալում է, որ Թրամփի և Սի Ծինփինի հետ հանդիպումը մեծ օգուտ կբերի

Հինգշաբթի օրը նախատեսված եռակողմ հանդիպումը մտահոգություններ է առաջացրել, որ երեք առաջնորդները կարող են որոշումներ կայացնել Ուկրաինայի ապագայի վերաբերյալ՝ առանց Կիևի և եվրոպական երկրների մասնակցության, ինչպես նաև փորձել աշխարհը բաժանել ազդեցության գոտիների։

Վաշինգտոնը նախապես ազդարարել էր, որ Ուկրաինայի հարցը, որը Սի Ծինփինը կտրականապես համարում է Չինաստանի խնդիրը չհանդիսացող հարց, չի ընդգրկվի քննարկումների օրակարգում։ Սակայն ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ այն կքննարկվի։

«Ես ակնկալում եմ ձեզ հետ մտքերի խորքային փոխանակում Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին, Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցությանը և գլոբալ իրավիճակին վերաբերող կարևոր հարցերի շուրջ՝ մեր երկու երկրների միջև կառուցողական և ռազմավարական առումով կայուն հարաբերություններ զարգացնելու նպատակով», - «Սինհուա» գործակալության փոխանցմամբ։Թրամփին ասել է Սի Ծինփինը՝ Չինաստանի պետական

Պուտինը պնդում է, որ պատժամիջոցները ձախողվել են

Այսօր ավելի վաղ Վլադիմիր Պուտինը կոշտ հայտարարություններ է արել Ուկրաինայի դեմ պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ կիրառված արևմտյան պատժամիջոցների վերաբերյալ՝ պնդելով, թե 2022 թվականի ներխուժումից հետո սահմանված սահմանափակումները «ձախողվել են»։

Ելույթ ունենալով ԱԽՏՀ համաժողովում՝ Ռուսաստանի նախագահն ասել է, որ եռակողմ գագաթնաժողովը, իր ակնկալիքով, «շատ օգտակար» կլինի։

«Երբ ռազմական և քաղաքական ռիսկերն աճում են, խիստ անհրաժեշտ է միասնությունը, ոչ թե պառակտումը, երկխոսությունը, ոչ թե վերջնագրերը», - հայտարարել է Պուտինը։

2022 թվականին Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի առաջնորդը հիմնականում մեկուսացված է մնացել Արևմուտքի կողմից, սակայն Թրամփի հետ շփումներ է հաստատել։



Այդուհանդերձ, Մոսկվան ռուսական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է, որ Չինաստան այցի նթացքում Պուտինի և Թրամփի միջև առանձին, լիարժեք երկկողմ բանակցություններ դժվար թե տեղի ունենան։

Շենժենում գտնվող Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «կշարունակեն խստացվել այնքան ժամանակ, քանի դեռ այս պատերազմը շարունակվում է»։

Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումն այս տարի արդեն հինգերորդն էր՝ ներառյալ տեսակապով անցկացված զրույցը։ Երկու առաջնորդները երկար ժամանակ ընդգծում են իրենց անձնական մտերմությունը։

Սի Ծինփինը կոչ է արել էլ ավելի խորացնել Մոսկվայի և Պեկինի կապերը՝ նշելով, որ երկու երկրները պետք է «օգտագործեն իրենց կառավարությունների, օրենսդիր մարմինների, զինված ուժերի և քաղաքական կուսակցությունների միջև փոխգործակցության մեխանիզմները»։

Ռուս պաշտոնյաների փոխանցմամբ՝ Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները քննարկելու էին էներգետիկայի և ֆինանսների հարցերը, ապա ավելի նեղ կազմով՝ արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ Ուկրաինայի և Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակը։

Կհանդիպի՞ Թրամփը նաև Կիմ Չեն Ընի հետ

Չինաստան Թրամփի այցին նախորդել էր նրա ուղևորությունը Ֆիլիպիններ, որտեղ մեկ օր առաջ նա երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում առաջին անգամ հանդիպել էր «Քառյակի» (Quad) անդամ երկրների՝ Ավստրալիայի, Ճապոնիայի և Հնդկաստանի առաջնորդների հետ։

Այս միավորումը հիմնականում նպատակ ունի հակակշռել Չինաստանի ազդեցությունը տարածաշրջանում։

Թրամփն ասել է, որ Շենժենում մտադիր է առանձին հանդիպումներ անցկացնել Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ նշելով, որ վերջինս «կցանկանար» հանդիպել Չինաստանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտնել է Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի հրաժարվել է հաստատել Կիմի հետ հանդիպման հնարավորությունը։

«Եթե Հյուսիսային Կորեայի հետ խնդիր ունենք, այն լուծելու միակ ճանապարհը նրանց հետ երկխոսության մեջ մտնելն է», - Մանիլայում հայտարարել է Ռուբիոն։

Թրամփը Ֆիլիպիններում մասնակցել էր Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) 11 անդամ երկրների գագաթնաժողովին, որի ընթացքում բողոքի ցույցեր էին անցկացվել ԱՄՆ-ի մատակարարման շղթաների նախաձեռնության դեմ։

Թրամփի վերջին արտասահմանյան այցերի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել նաև նրա՝ մաքսատուրքերի բարձրացման քաղաքականության հնարավոր հետևանքները։