Բանտերում դիտորդական խումբն ահազանգում է դատապարտյալ Մայիս Եղոյանի առողջական վիճակի վատթարացման մասին:
Ըստ դիտորդների, Արմավիրի բանտում գտնվող դատապարտյալն անկողնային վիճակում է, ինքնուրույն փոխում է տակդիրը և դատարկում միզահավաք պարկը, չնայած դատապարտյալն ունի շարժման սահմանափակումներ:
«Խուսափում է բավարար չափով սնվելուց՝ խնամքի դժվարությունների պատճառով։ Անձնական հիգիենան հիմնականում ապահովում է խոնավ կտորներով, իսկ պատշաճ լոգանքը, իր հաղորդմամբ, վերջին մեկ տարում կազմակերպվել է ընդամենը երկու անգամ», - ասված է խմբի հայտարարության մեջ:
Դիտորդների խումբն ընդգծում է, որ դատապարտյալի խնդրի մասին ահազանգել է դեռ մեկ տարի առաջ, նամակ է հղել առողջապահության նախարարին՝ պահանջելով համակողմանի ուսումնասիրություն, անհրաժեշտ հետազոտություններ և բուժօգնություն, նախկին հետազոտությունների արդյունքների պարզաբանում, ինչպես նաև պատժի հետագա կրման հետ առողջական վիճակի համատեղելիության գնահատում։ Բայց այդպես էլ, ըստ էության, պատասխաններ չեն ստացել:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը, սակայն, «Ազատությանը» փոխանցեց, որ ողնաշարի վիրահատություն տարած դատապարտյալը գտնվում է բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ: Մանուկյանը հերքում է դիտորդներն, թե դատապարտյալն ինքնուրույն է իրականացնում իր խնամքը:
Դիտորդները, սակայն, պահանջում են անհապաղ դատապարտյալին տեղափոխել մասնագիտացված բուժհաստատություն, նոր հետազոտություններ անցկացնել ու ապահովել առողջական վիճակին համապատասխան ամենօրյա մասնագիտական խնամք, հիգիենա: