Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի

Սլովակիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության դեմ՝ քննադատելով նրա մերձեցումը Մոսկվայի հետ։

Նոյեմբերի 17-ին անցկացված ցույցերը նվիրված էին 1989 թվականի Թավշյա հեղափոխության 37-րդ տարեդարձին, որը վերջ դրեց Չեխոսլովակիայում կոմունիստական իշխանությանը։

Ամենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայում։ Ակցիայի կազմակերպիչ՝ ընդդիմադիր «Առաջադիմական Սլովակիա» կուսակցության տվյալներով՝ հավաքին մասնակցել է շուրջ 25 հազար մարդ։

Ցուցարարները պահանջել են Ֆիցոյի կառավարության հրաժարականը՝ վանկարկելով «Հերի՛ք է Ֆիցոյից» և «Ռուսաստանցինե՛ր, տուն գնացեք»։ Նրանց մի մասը դժգոհություն է հայտնել նաև Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարի՝ վերջերս Մոսկվա կատարած այցի կապակցությամբ։

Բողոքի մասնակիցները քննադատել են նաև իշխանությունների քաղաքականությունը լրատվամիջոցների և ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցերում՝ պահանջելով ամրապնդել երկրի կապերը Եվրամիության հետ։

Ֆիցոյի գլխավորած կառավարող կոալիցիան վերջերս կորցրել է խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը՝ մի շարք պատգամավորների հեռանալուց հետո։ Ընդդիմությունն այժմ պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն դրանց անցկացման համար անհրաժեշտ ձայներ չունի։