Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումն ու համերգը չեղարկվել են

Չեղարկման պատճառների մասին պարզաբանումներ առայժմ չկան

Երևանում նոյեմբերի 23-ին նախատեսված Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումն ու համերգը չեղարկվել են։ Մինչ այդ միջոցառման մասին հրապարակված հայտարարություններում որպես նախաձեռնող նշվում էր Երևանի քաղաքապետարանը, իսկ կազմակերպիչ՝ Mezzo Production-ը։

Չեղարկման մասին տարածված հաղորդագրության մեջ կազմակերպիչները ներողություն են խնդրել պատճառված անհարմարության համար և հայտնել, որ տոմսերի գումարն ավտոմատ կվերադարձվի գնորդներին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Չեղարկման պատճառների մասին խոստացել են առաջիկա օրերին լրացուցիչ պարզաբանումներ տրամադրել։

Երևանի քաղաքապետարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ ընդամենը միջոցառման հովհանավորն են, իսկ չեղարկման մանրամասները հորդորեցին ճշտել կազմակերպչից՝ Mezzo Production-ից։

70-ամյա կանադացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնը Հոլիվուդի ամենահայտնի հեղինակներից է։ Քեմերոնի ամենահայտնի ֆիլմերից են «Տերմինատորը», «Տերմինատոր 2»-ը, «Տիտանիկը» և «Ավատարը»։ «Տիտանիկը» 1998-ին «Օսկարի» 14 անվանակարգից հաղթել է 11-ում, այդ թվում՝ լավագույն ֆիլմի, ռեժիսորի և մոնտաժի համար։ «Ավատարը» ստացել է երեք «Օսկար»։

Բացի կինոյից՝ Քեմերոնը հայտնի է նաև օվկիանոսների խորքերի ուսումնասիրությամբ։ 2012 թվականին նա հատուկ նախագծված սուզանավով միայնակ հասել է Մարիանյան իջվածքի Չելենջեր Դիփ հատվածի հատակին՝ Երկրի օվկիանոսների ամենախոր հայտնի կետին։ Նա նաև National Geographic-ի հետազոտող է և զբաղվում է բնապահպանական խնդիրներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԿԳՄՍՆ-ն «Դոպինգ Սփեյս»-ից պահանջել է պետբյուջե վերադարձնել Սնուփ Դոգի չեղարկված համերգի ողջ գումարըԿառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը