Ռուսաստանը չպետք է խոչընդոտի Հարավային Կովկասի մերձեցմանը Եվրոպայի հետ. Վադեֆուլ

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլ

Վադեֆուլը Հայաստանում կլինի նոյեմբերի 18-ին

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ մեկնում է Բաքու և Երևան։ Հայաստանի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Վադեֆուլը Հայաստանում կլինի նոյեմբերի 18-ին։

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը իր առաջին այցից առաջ քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում և կոչ արել Մոսկվային չխոչընդոտել տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ։

«Ռուսաստանի հարևան երկրների՝ Եվրոպայի հետ մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում։ Հենց այդ պատճառով է կարևոր, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Ժամանակն է լսելու նրանց ձայնը և հաշվի առնելու նրանց շահերը», - նշել է Վադեֆուլը։

Նա մատնանշել է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և «Մոսկվայից հնչող ավելի ու ավելի բացահայտ սպառնալիքները»։ Գերմանիայի արտգործնախարարի գնահատմամբ՝ այս ամենը հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում տեսնել ինքնիշխան պետությունների վրա հիմնված եվրոպական կարգ, որտեղ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր ճակատագիրը։

Վադեֆուլը Հարավային Կովկասի համար պատմական հնարավորություն է տեսնում

Վադեֆուլի խոսքով՝ Հարավային Կովկասը շրջադարձային փուլում է և պատմական հնարավորություն ունի վերջ դնելու տասնամյակների պատերազմներին, բռնություններին և տեղահանություններին։

Նա ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցուցաբերած «քաջությունն ու պատասխանատվությունը»՝ հիշեցնելով, որ 2025 թվականին նրանք նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը։

«Հիմա գլխավորն առաջ վստահորեն շարժվելն է», - ասել է նախարարը՝ հավելելով, որ Գերմանիան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հուսալի գործընկերն ու բարեկամը լինել այդ գործընթացում։

Վադեֆուլը խոստացել է Բաքվում և Երևանում քննարկել, թե ինչպես կարող է Բեռլինն աջակցել լարվածության թուլացմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին։ Նրա համոզմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու բաց սահմանները օգուտ կբերեն ոչ միայն տարածաշրջանի բնակիչներին, այլև ամբողջ Եվրոպային։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը կոչ են անում Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելՄի խումբ եվրոպական երկրներ դատապարտել են ռուսական սահմանափակումները, խոստացել աջակցել Երևանին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ողջ տարածաշրջանի համար. Կոստանյան