Թուրքիայում իրավապահները ներխուժել են ընդդիմադիր Sözcü հեռուստաընկերություն, ղեկավարներ են ձերբակալվել

Թուրքիայում ոստիկանությունը ներխուժել է ընդդիմադիր Sözcü հեռուստաընկերության շենք և խուզարկություններ իրականացրել։ Հեռուստաընկերության և դրա լրատվական կայքի կառավարումը փոխանցվել է պետության վերահսկողության տակ գործող Ավանդների ապահովագրման հիմնադրամին (TMSF), հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Իրավապահները փակել են հեռուստաընկերության շենք տանող ճանապարհները և դատարանի որոշմամբ խուզարկություններ իրականացրել։

Ձերբակալվել են ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆունդա Թունջեր Սըդալը և նախկին գլխավոր տնօրեն Ասըմ Աքգյուլը։

Թե ինչ քրեական գործի շրջանակում են իրականացվել խուզարկություններն ու ձերբակալությունները, առայժմ հայտնի չէ։ Sözcü մեդիախմբի փաստաբանը պնդում է, որ գործողությունների հիմքում մի գործ է, որով Թուրքիայի վճռաբեկ դատարանը նախկինում հանցագործության հատկանիշներ չէր հայտնաբերել։ Իրավապահները դեռ չեն հրապարակել գործողության իրավական հիմնավորումները։

Փաստաբանը պարզաբանել է, որ նշանակված ժամանակավոր կառավարիչների վերահսկողության տակ են անցել միայն Sözcü TV-ն և Sözcü.com.tr լրատվական կայքը։ Նույն մեդիախմբին պատկանող երեք թերթերի՝ Sözcü-ի, Tavır-ի և Korkusuz-ի նկատմամբ որոշումը չի տարածվում։

Ոստիկանական գործողությունը քննադատել են թուրքական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները։

«Halk TV-ից հետո այժմ ոստիկաններն ու ժամանակավոր կառավարիչները նաև Sözcü TV-ի դռանն են։ Նրանք այլևս չեն հանդուրժում անգամ ամենափոքր քննադատությունը», - հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Օզգյուր Օզելը՝ իշխանություններին մեղադրելով քննադատական ձայները լռեցնելու փորձերի մեջ։