Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինային լրացուցիչ 1,71 միլիարդ եվրո է հատկացրել անօդաչու թռչող սարքեր, զինամթերք և հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար։
«Մենք շարունակելու ենք անսասան աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Մենք նաև շարունակում ենք աշխատել հանուն արդար և կայուն խաղաղության, որը կապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ողջ Եվրոպայի անվտանգությունը», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ 1,71 միլիարդ եվրոն հատկացվում է Կիևին տրամադրվող՝ ընդհանուր 90 միլիարդ եվրոյի վարկային աջակցության ծրագրի՝ Ukraine Support Loan-ի շրջանակում։
Եվրահանձնաժողովը հիշեցրել է, որ սա վարկային աջակցության ծրագրի պաշտպանական բաղադրիչի շրջանակում Ուկրաինային տրամադրվող արդեն ութերորդ մասնաբաժինն է։
Հաղորդագրության համաձայն՝ մինչև 2026 թվականի ավարտը Ուկրաինային հասանելի է մնում ԵՄ-ի 23,6 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնությունը։ Դրանից շուրջ 19,2 միլիարդ եվրոն նախատեսված է վարկային աջակցության ծրագրով, այդ թվում՝ 10,2 միլիարդը՝ Ուկրաինայի ռազմարդյունաբերական ներուժի զարգացման, իսկ 9 միլիարդը՝ բյուջետային աջակցության համար։
Բացի այդ, ընթացիկ տարում Ukraine Facility հիմնադրամի շրջանակում հասանելի է ևս մոտ 4,4 միլիարդ եվրո բյուջետային աջակցություն՝ առանց վարկային աջակցության ծրագրով նախատեսված լրացուցիչ միջոցների։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրամիության ներկայացուցիչների՝ Ուկրաինային անվերապահ աջակցությունը շարունակելու և Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու մասին հայտարարությունները վկայում են, որ Բրյուսելը շահագրգռված չէ խաղաղության գործընթացին նպաստելու հարցում։