Ֆրանսիան ակնկալում է, որ Եվրամիությունը դեկտեմբերին Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կհաստատի՝ կապված սուպերմարկետների սառնարանների դեմ իրականացված խոշոր կիբեռհարձակման հետ, որի պատասխանատվությունը Փարիզը վերագրում է Թեհրանին։
«Այսօր եկել եմ Բրյուսել՝ ներկայացնելու այս չափազանց լուրջ կիբեռհարձակման հիմնական պատասխանատուների վերաբերյալ ապացույցները և խնդրելու, որ նրանց նկատմամբ մեկ ամսվա ընթացքում եվրոպական պատժամիջոցներ սահմանվեն», - լրագրողներին ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոնը։
Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելիս Բարոնն ասել է, որ վստահ է՝ հաքերային հարձակման պատասխանատուների դեմ սահմանափակումները կհաստատվեն դեկտեմբերի 14-ին կայանալիք հաջորդ հանդիպման ընթացքում։
Նրա խոսքով՝ ինքը ստացել է Եվրամիության անդամ պետությունների ճնշող մեծամասնության աջակցությունը։
Հոկտեմբերի 11-ին և 12-ին կիբերհարձակումների են ենթարկվել Ֆրանսիայի հարյուրավոր սուպերմարկետներ։ Դրանց հետևանքով սառնարանների և սառցարանների ջերմաստիճանը բարձրացել է, ինչի պատճառով խանութները ստիպված են եղել դեն նետել արագ փչացող սննդամթերքի ամբողջ պաշարները։
Անցած շաբաթ Փարիզը հարձակման պատասխանատվությունը վերագրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)՝ այն որակելով Ֆրանսիայի տարածքում կիբերդիվերսիայի առաջին նման լայնածավալ դեպքը։
Թեհրանը մեղադրանքը որակել է «անհիմն»։
Նոյեմբերի սկզբին նմանատիպ միջադեպեր են արձանագրվել եվրոպական առնվազն 11 այլ երկրներում։