10 երկիր աջակցել է Հորմուզի նեղուցը վերաբացելու Իրանի ծրագրին

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ տարածաշրջանի 10 երկրներ աջակցել են Հորմուզի նեղուցը վերաբացելու՝ Թեհրանի առաջարկին, որը Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու բանակցությունների շրջանակում։

Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել նեղուցը, եթե Վաշինգտոնն ընդունի իր պայմանները։ Ավելի վաղ Իրանը առաջարկել էր նեղուցը վերաբացել մեկ շաբաթվա ընթացքում։

Արաղչին կիրակի ուշ երեկոյան ժամանել էր Պակիստան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների հանդիպմանը։ Կազմակերպության կազմում են Կենտրոնական և Հարավային Ասիայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներ։

Պակիստանի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են Պակիստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Իրանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Կազմակերպության անդամ Աֆղանստանի ներկայացուցիչները հանդիպմանը ներկա չեն եղել։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են պատերազմը Իրանի դեմ։ Հարվածների հետևանքով զոհվել են Իրանի ղեկավարության անդամներ, իսկ Վաշինգտոնը պահանջել է Թեհրանից դադարեցնել միջուկային ծրագրի հետ կապված բոլոր գործողությունները։

Պատերազմը բռնության ալիք է առաջացրել Մերձավոր Արևելքում։ Իրանի պատասխան հարվածների թիրախում են հայտնվել Պարսից ծոցի՝ ԱՄՆ-ի դաշնակիցները, իսկ համաշխարհային էներգակիրների գները կտրուկ աճել են։

Վերջին շաբաթներին հակամարտությունը դադարեցնելու ջանքերը փակուղի են մտել։

Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցը վերաբացելու դիմաց Վաշինգտոնը պետք է կատարի իր մի շարք պայմաններ, այդ թվում՝ արտերկրում սառեցված իրանական ակտիվների ազատում, պատժամիջոցների մեղմացում և իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ ռազմածովային շրջափակման դադարեցում։

Իրանը պատերազմի սկզբից ի վեր շրջափակել է Հորմուզի նեղուցը, որը համաշխարհային էներգակիրների փոխադրման կարևորագույն ուղիներից է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանն ԱՄՆ-ին նոր առաջարկ է ներկայացրել, որը թույլ կտա 7 օրում վերաբացել Հորմուզը. ԱրաղչիԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցը վերաբացելու Իրանի առաջարկը