ՀՌՀ-ն մտահոգված է Հանրայինի եթերում բռնության ցուցադրմամբ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման նոյեմբերի 15-ի թողարկման կապակցությամբ։

«Հաղորդման հեռարձակումը ընդհատվել է սեռական բնույթի արտահայտությունների և ֆիզիկական բռնության ցուցադրմամբ, ընդ որում՝ այդ ամբողջ ընթացքը հեռարձակվել է առանց խմբագրումների»,- ասված է հայտարարության մեջ՝ ընդգծելով՝ բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել հաղորդման մասնակիցների անձերով, քննարկման թեժությամբ, դիտելիություն ապահովելու ձգտմամբ կամ ձևական անաչառությամբ։

ՀՌՀ-ի գնահատմամբ՝ Հանրային հեռարձակողը պարտավոր է նման իրավիճակներում հարգել օրենքի պահանջները, չբորբոքել լսարանի հույզերը և զերծ մնալ եթերում բռնության օրինականացումից։

Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման երեկվա թողարկման ընթացքում վիճաբանություն է սկսվել լրագրող Բորիս Մուրազիի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի միջև։

Փոխադարձ վիրավորանքներից հետո նրանք հարվածներ են հասցրել միմյանց։ Հաղորդավարները ստիպված են եղել ընդհատել քննարկումը, միջամտել են նաև անվտանգության աշխատակիցները։