Պրահայում երեկ հազարավոր մարդիկ բողոքի են դուրս եկել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման համակարգը փոխելու կառավարության ծրագրերի դեմ։
Հակակառավարական հանրահավաքը կարող է դառնալ Չեխիայում թավշյա հեղափոխությունից ի վեր ամենամեծ բողոքի ցույցերից մեկը. կազմակերպիչների խոսքով՝ մասնակցել է մոտ 400,000 մարդ, հաղորդում է Reuters-ը։
Ցույցերը սկսվել են Չեխիայում հանրային ռադիոյի և հեռուստատեսության ալիքների բաժանորդագրության վճարները վերացնելու և դրա փոխարեն պետական բյուջեից հեռարձակողներին ֆինանսավորելու կառավարության ծրագրի պատճառով։
Ցուցարարները Չեխիայի մեծ դրոշ են բարձրացնում ցույցի ժամանակա, Պրահա, 15-ը նոյեմբերի, 2026թ.
Քննադատները նշում են, որ սա սպառնում է այս ինստիտուտների անկախությանը և գոյությանը։ «Ընտրված կառավարությունն իրավունք ունի կառավարել երկիրը։ Սակայն այն իրավունք չունի անել այն, ինչ ուզում է և քանդել ժողովրդավարական ինստիտուտները», - Reuters-ը մեջբերում է բողոքի ցույցերը կազմակերպած Milion Chvilek նախաձեռնության նախագահ Միկուլաշ Մինարին։
Արտասովոր պրակտիկա
Ընդդիմությունը, ակտիվիստներն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները քննադատատել են նաև այն, թե ինչպես է իշխանությունն արել այս նախագծի լոբբինգը և ինչպես է այն բերել խորհրդարան:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ուրբաթ քննարկման էր ներկայացվել անակնկալ կերպով, օրակարգում այն չէր եղել, իսկ քվեարկությունը նշանակվել էր նույն գիշերը, ինչը չափազանց արտասովոր է Չեխիայի քաղաքական կյանքում:
Հանրահավաք Պրահայում` ի պաշտպանություն հանրային լրատվամիջոցների, 15-ը նոյեմբերի, 2026թ.
Իշխող կոալիցիան բաղկացած է աջակողմյան և պոպուլիստական կուսակցություններից, որոնք ձևավորել են միլիարդատեր Անդրեյ Բաբիշի գլխավորած կառավարությունը: Կոալիցիայի անդամները, այդ թվում՝ ներգաղթին դեմ հանդես եկող «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» (SPD) կուսակցությունը, նախկինում քննադատել են իրենց գործունեության լուսաբանումը լրատվամիջոցներում, նշում է Reuters-ը:
Ակտիվիստները պահանջում են, որ իշխանությունը հետ վերցնի օրինագիծը կամ ներգրավի փորձագետների՝ այն վերանայելու համար, որոնք կառաջարկեն քաղաքական ուժերից լրատվամիջոցների անկախության իրական երաշխիքներ: Ընդդիմությունն առաջարկվող փոփոխությունները համեմատել է Հունգարիայի օրինակի հետ, երբ կառավարությունը՝ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, վերահսկողություն ստանձնեց հանրային լրատվամիջոցների նկատմամբ:
Հանրահավաք Պրահայում` ի պաշտպանություն հանրային լրատվամիջոցների, 15-ը նոյեմբերի, 2026թ.
Ինչպես են ֆինանսավորվում լրատվամիջոցները
Չեխիայում ներկայումս հանրային լրատվամիջոցները ֆինանսավորվում են քաղաքացիների վճարած գումարների հաշվին. յուրաքանչյուր տնային տնտեսություն վճարում է ամսական 205 կրոն (մոտ 8.5 եվրո)։ Բաբիշը պնդում է, որ այս բարեփոխմամբ կառավարությունը կատարում է քաղաքացիների վրա դրված ֆինանսական բեռը թեթևացնելու իր նախընտրական խոստումը։
Reuters-ը միաժամանակ նշում է, որ լրատվամիջոցների անցումը բյուջետային ֆինանսավորման կհանգեցնի հեռարձակողներին հասանելի միջոցների ծավալի 15 տոկոս կրճատման:
Հեռուստատեսային և ռադիոընկերություններն այս առաջարկն անընդունելի են համարել։ Չեխիայի հանրային լրատվամիջոցները նոյեմբերի սկզբին գործադուլ էին հայտարարել՝ սահմանափակելով իրենց հեռարձակումները։