Ազգային ժողովում մեկնարկեց «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված լսումներ՝ Հայաստանում քաղբանտարկյալների իրավունքների թեմայով։
Լսումներին իշխանությունը ներկա չէ, ներկա են «Ուժեղ Հայաստանի» անդամները։
Զեկույցով հանդես եկավ Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը՝ պնդելով, որ ընդդիմացողներին հետապնդելու հրահանգ Նիկոլ Փաշինյանը հենց խորհրդարանի ամբիոնից է հնչեցրել։
Գալստյանը որպես օրինակ հիշեցրել է վարչապետ Փաշինյանի զգուշացումները, թե ընդդիմախոսներին ուղարկելու է ԱԱԾ պադվալ։
«Ուժեղ Հայաստանի» թիմից Գոհար Մելոյանն առաջարկեց ուսումնասիրության առարկա դարձնել իրենց թիմակից Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները։ Պնդեց, թե մահացել է պատշաճ բուժօգնության բացակայության պատճառով։ Անցած շաբաթ թե արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, թե քրեակատարողական ծառայության պետը հակադարձում էին կալանավայրում մահացած Գևորգյանը ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը։
Լսումներին ներկա նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ամբիոնից հակադարձեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, որն անցած շաբաթ հուզվելով պատմել էր, թե ինչպես են Արսեն Գևորգյանի մահից հետո թիրախավորում իրեն ու իր անչափահաս երեխային։
«Բրազիլական սերիալ եք սարքում։ Դուք մի իշխանության ներկայացուցիչ եք, որի աջակիցները զանգել են իմ երեխային ու ասել՝ մայրդ մահացել է, գնացեք մորգից դիակը վերցրեք։ Դուք մի թիմից եք, որը ողջ մարդկանց դռներին դագաղներ էր շարում», - հայտարարեց Զոհրաբյանը։
Նիստը վարող Աննա Գրիգորյանն էլ ընդգծեց՝ ո՛չ 2018-ին, ո՛չ էլ հիմա երեխաները չպետք է պատասխանատվություն կրեն իրենց ծնողների արարքների համար։
«Չենք մասնակցում, որովհետև Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»․ ՔՊ-ից արձագանքում են
«Ազատությունը» ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչու չեն մասնակցում լսումներին, Հակոբյանը փոխանցեց. «Չենք մասնակցում, որովհետև Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, և զավեշտալի է, որ քաղբանտարկյալների մասին խոսում են Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները»։
Հայաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ պնդումները իշխանության ներկայացուցիչները հերքում են։ Նաև այս պատճառով անցած շաբաթ պետաիրավական հանձնաժողովում մերժեցին այս հարցով ընդդիմության հեղինակած հայտարարության նախագիծը։
Նախագծի հարակից զեկուցող Արման Եղոյանը հակադարձել էր, թե ներկայացված գնահատականները որևէ աղերս չունեն իրողությունների հետ։