Ավինյանն արձագանքում է քննադատներին. «Խցանումների պատճառը մեքենաների թվի աճն է, ոչ թե նոր շինթույլտվությունները»

Երևանի խցանումների հիմնական պատճառը ոչ թե նորակառույցներն են, այլ ավտոմեքենաների թվի կտրուկ աճը, այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանում ավտոմեքենաներն ավելացել են էքսպոնենցիալ տեմպով, և մեկ պարզ պատճառով՝ ՀՀ-ում տնտեսությունն աճում է, ՀՆԱ-ն ավելանում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և, այո՛, գնում են մեքենա», - ասել է քաղաքապետը։

Ավինյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե մայրաքաղաքի երթևեկության խնդիրները պայմանավորված են նաև նոր շենքերի կառուցմամբ ու շինթույլտվությունների տրամադրմամբ։

Նման մեղադրանք քաղաքային իշխանությունների հասցեին հնչեցրել են ոչ միայն ավագանու ընդդիմադիր խմբակցությունները, այլև վերջերս նաև վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը: Նա պնդել էր, թե Երևանում երթևեկելու համար «տիեզերագնացի առողջություն է պետք»:

«Շենքերի մեջ ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում, այդ շենքերի ավտոկայանատեղիներով ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում», - հայտարարել է քաղաքապետը՝ բացատրելով, որ մարդիկ կարող են պարզապես իրենց հին բնակարաններից տեղափոխվել նորակառույցներ՝ արդեն ունենալով ավտոմեքենա։

2025 թվականի պաշտոնական տվյալներով՝ Երևանը քաղաքապետարանը հավանություն է տվել 110 խոշոր քաղաքաշինական նախագծի, երկարաձգել է 241 շինարարական թույլտվություն և տրամադրել է ևս 88 նոր շինթույլտվություն:

Քաղաքապետը նաև ընդգծել է, որ նորակառույցներից ստացվող վճարները լրացուցիչ եկամուտ են ապահովում քաղաքային բյուջեի համար։

«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններ էին գնում, այսօր գնում, դառնում են մանկապարտեզներ, փողոցներ ու բակեր՝ հենց էդ նույն շինարարությունից», - հայտարարել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ 2022 թվականից կառուցվող շենքերից քաղաքապետարանն ուղղակի ֆինանսական եկամուտ է ստանում՝ 2023 թվականից ներդրված տուրքերի միջոցով։

«Հարյուրավոր բակեր, ֆուտբոլի դաշտեր, ճանապարհներ, կոյուղիներ, որոնք Երևանի քաղաքապետարանը կառուցել է, կառուցել է այն տուրքերով, որոնք սկսել է ներդնել 2023-ից», - նշել է քաղաքապետը։

Ավինյանի խոսքով՝ մեքենաների թվի աճից ամենաշատը տուժում է հենց հանրային տրանսպորտը, որը պիկ ժամերին խցանումների պատճառով չի կարողանում ժամանակին հասնել կանգառներ։

«Այսօր մենք ապրում ենք սահմանափակումների քանակում, որովհետև այս քանակի մեքենաները բոլորիս սահմանափակել են։ Եվ ամենավատը՝ սահմանափակել են հանրային տրանսպորտը», - նշել է Ավինյանը։

Քաղաքապետն անդրադարձել է նաև վարորդների երթևեկության մշակույթին՝ այն շատ վատ գնահատելով։ Նրա կարծիքով՝ պարեկային ծառայությունն այնքան է ծանրաբեռնված, որ չի հասցնում կատարել իր հիմնական գործառույթները։ Որպես օրինակ՝ Ավինյանը նշել է փոքր վթարները, որոնց մասնակիցները, սպասելով պարեկներին, խոչընդոտում են երթևեկությունը։

Միաժամանակ քաղաքապետը ներկայացրել է հանրային տրանսպորտից օգտվողների թվի աճը։ Ըստ նրա՝ 2016 թվականից Երևանի մետրոպոլիտենի տարեկան ուղևորափոխադրումները կրկնապատկվել են՝ հասնելով մոտ 23 միլիոնի, իսկ վերգետնյա հանրային տրանսպորտում օրական շուրջ 530 հազար վճարման վավերացում է գրանցվում։

Այսօրվա խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև մետրոպոլիտենի շարժակազմերի վերանորոգումը։ Հայտարարվել է մրցույթ՝ ավելի քան 20 տարի առաջ արտադրությունից հանված ութ վագոնների վերանորոգման համար։ Քաղաքային իշխանությունները նախատեսում են նաև գործող շարժակազմերը համալրել՝ երեք վագոնանոց գնացքներ ձևավորելու նպատակով։

Մայրաքաղաքի խցանումները վերջին շրջանում սուր քննարկումների առարկա են դարձել։ Քաղաքային իշխանությունները նախատեսում են նոր տեսախցիկներով հաշվել Երևան և քաղաքի կենտրոն մուտք գործող մեքենաները, արդիականացնել լուսացույցները, իսկ քաղաքի ծայրամասերում ավտոկայանատեղիներ կառուցելով՝ նվազեցնել կենտրոն ուղղվող մեքենաների հոսքը։

Մինչդեռ ավագանու ընդդիմադիր անդամները քննադատում են քաղաքային իշխանությունների մոտեցումը՝ պնդելով, որ նախ պետք է բարելավել հանրային տրանսպորտն ու անհրաժեշտ ենթակառուցվածքները, ապա միայն սահմանափակել ավտոմեքենաների երթևեկությունը։