Թշնամանքի խորացումը կխոչընդոտի գերիների հարցի լուծմանը. Փաշինյան

Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրը հնարավոր է լուծել միայն խաղաղության ամրապնդման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջոցով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դուբլինում Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում պատասխանելով Ադրբեջանի բանտերում պահվող հայերի, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի ճակատագրի վերաբերյալ հարցին։

«Բանտարկյալների խնդիրը կարևոր խնդիրներից է, բայց այդ խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը, այլապես այն չի լուծվի։ Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է։ Եթե խորանա թշնամանքը, այդ հարցը հարյուր տոկոսով չի լուծվի։ Իսկ խաղաղությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումը միակ ճանապարհն են՝ հանգուցալուծելու այդ հարցը»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ այն միշտ օրակարգում է:

«Դիվանագիտական շփումներում մենք մշտապես այդ հարցը բարձրացնում ենք ու շարունակելու ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն»,- հավելել է ՀՀ վարչապետը:

Ադրբեջանում ծանր մեղադրանքներով 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարներն ու մյուս գերիները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր առիթներով ելույթ ունենալիս, ըստ էության, բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի

Անցած սեպտեմբերից, երբ Ադրբեջանում փակվեց Կարմիր Խաչի միջազգային գրասենյակը, որևէ միջազգային անկախ կառույցից հայ գերիներին այցելող չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեկ տարի է միջազգային կառույցներից չեն այցելել հայ գերիներին. Երևանը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է

Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը այս տարվա սկզբին կոչով դիմել էր Միացյալ Նահանգների նախագահին, որ Դոնալդ Թրամփը կատարի գերիների ազատ արձակման հարցով իր իսկ խոստումը:

Միաժամանակ, ընդդիմադիրները Փաշինյանի իշխանությանը մեղադրում են գերիների վերադարձի ուղղությամբ բավարար և արդյունավետ քայլեր չձեռնարկելու մեջ, իսկ Բաքվի բանտերում պահվող հայերն ու նրանց հարազատները պարբերաբար բարձրաձայնում են Հայաստանի իշխանություններից ակնկալվող աջակցության և պաշտպանության բացակայության մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիրանուշ Սահակյանը Բաքվում բանտարկված հայ գերիների հարցով դիմել է ՄԻԵԴԱրդյոք Հայաստանի իշխանությունը պատրաստ է կազմակերպել գերիների հարազատների այցելություն ԲաքուԳերիներին ազատ արձակելու հարցով երրորդ երկրներին դիմելու տարբերակը չի աշխատել. Միրզոյան