ԵՄ-ն Հայաստանին ականազերծման երկրորդ մեքենան է փոխանցել

Հայաստանը Եվրամիությունից ականազերծման ևս մեկ մեքենա է ստացել։ Հուլիսին փոխանցված MV-10-ից հետո այս անգամ ԵՄ-ն տրամադրել է ավելի փոքր՝ MV-4 մոդելը։

Մեքենան այսօր ներկայացրել են Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Էդուարդ Պետրոսյանը։

Նոր սարքավորումը հեռակառավարվող է, ինչը թույլ է տալիս ականազերծողներին աշխատել անվտանգ հեռավորությունից՝ նվազեցնելով պայթյունների հետևանքով վնասվածքներ ստանալու վտանգը։

Եվրամիությունը ֆինանսավորում է նաև հայ մասնագետների վերապատրաստումը և մասամբ՝ կենտրոնի ընթացիկ ծախսերը։

Ակնկալվում է, որ նոր տեխնիկան կարագացնի ականազերծման աշխատանքները, հատկապես սահմանամերձ բնակավայրերում, որտեղ ականապատ տարածքները շարունակում են խոչընդոտել հողերի անվտանգ օգտագործմանը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տվյալներով՝ Հայաստանում ավելի քան 43 քառակուսի կիլոմետր տարածք դեռևս աղտոտված է ականներով և չպայթած զինամթերքով։ Վտանգի գոտում է ավելի քան 230 հազար մարդ, հիմնականում՝ սահմանամերձ բնակավայրերում։

Ականազերծման անհրաժեշտության մասին հուլիսին խոսել էր նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ նշելով, որ Հայաստանում Եվրամիության ծրագրած երեք նոր սահմանային անցակետերի կառուցմանը պետք է նախորդեն ականազերծման աշխատանքները։