Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վարչական դատարան կդիմի՝ Սպիտակում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:
Թիվ 22 ընտրատարածքային հանձնաժողովն այսօր գումարած նիստում որոշեց, որ համայնքապետի թեկնածու Քաջայր Նիկողոսյանը, ով նաև Սպիտակի գործող քաղաքապետն է, այլ ուժի ընտրացուցակում ընդգրկված ենթականերին աշխատանքից ազատելով՝ նպատակ է ունեցել առավելություն ստանալ մրցակիցների նկատմամբ:
Սա, ըստ հանձնաժողովի, կարող է «էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»։ Ընդ որում նշվեց, որ «թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գործողությունները կարող են ունենալ ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև հոգեբանական ազդեցություն, այդ թվում՝ ճնշում գործադրելը»:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դատարան դիմելու համար եռօրյա ժամկետ ունի:
Ընտրապայքարի մեջ մտած Սպիտակի քաղաքապետը վերջերս աշխատանքից ազատել էր մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով առաջիկա ընտրություններին մասնակցող իր տեղակալին ու մի քանի վարչական ղեկավարների:
Մինչ ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում էր Քաջայր Նիկողոսյանի գործողությունները, քաղաքապետարանից պնդել էին, թե սա ոչ թե քաղաքական հաշվեհարդար է, այլ սովորական կադրային փոփոխություն: