Նախկին ու նորաթուխ ՔՊ-ականները՝ Ամասիայի ՏԻՄ ընտրությունների տարբեր ճամբարներում

Ամասիա խոշորացված համայնքում իրար դեմ ընտրապայքարի են դուրս եկել նախկին ու նորաթուխ ՔՊ-ականները: Երբ պարզվեց, որ գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանն է գլխավորելու ՔՊ-ի ցուցակը ու կուսակցությանն անդամակցելու դիմում է գրել, 4 տարի ՔՊ-ի Ամասիայի կառույցը ղեկավարած Սամվել Ղարիբյանը մի դիմում էլ ինքը գրեց ու հեռացավ իշխող ուժից:

Հիմա նա «Բարոյական արժեքներ» կուսակցության համայնքապետի թեկնածուն է: Ինչո՞ւ հեռացավ այն կուսակցությունից, որին ընտրելու ակտիվ քարոզ էր անում ընդամենը մի քանի ամիս առաջ համապետական ընտրությունների ժամանակ:

«Գտա, որ նպատակահարմար չէր մնալը ՔՊ-ի շարքերում: «Ինչու»-ն շատ խորքային է, որը որ մեկ բառով երևի սահմանափակենք արժանապատվության հարց կար:Կարելի է ասել կապված էր ՏԻՄ ընտրությունների հետ», - ասաց Սամվել Ղարիբյանը:

Ղարիբյանը խոսքով՝ որոշումն իր թիմի հետ է կայացրել, երբ ՔՊ-ն նախապատվությունն ուրիշին տվեց. «Ստեղ պատճառը ոչ թե իմ անձն էր, այլ իմ թիմն էր, քանի որ ես գնացել եմ էս ամենին ինչին ոչ միայնակ, ամբողջ թիմով, թիմն ա ինձ ստիպել ու նաև ես էլ եմ համակարծիք թիմի հետ, որ, այո, մենք չունենք էդտեղ անելու որևէ բան»:

Ինչո՞ւ հենց «Բարոյական արժեքներ» կուսակցությունով որոշեց մասնակցել ընտրություններին: Ասում է՝ անունն է դուր եկել: Բացառեց, թե «Բարոյական արժեքների» և իշխանության միջև պայմանավորվածություն կա: «Բարոյական արժեքները» խորհրդարանական ընտրություններում աջակցություն էր հայտնել ՔՊ-ին, բայց այժմ պնդում է, թե ընդդիմադիր է:

Ղարիբյանը վստահ է, որ նոյեմբերի 29-ի ընտրություններում իրենք կհաղթեն, իսկ եթե չստացվի հաղթել՝ որպես ընդդիմություն ակտիվ կաշխատեն:

Ամասիայում միանձնյա իշխանություն ձևավորելու հարցում վստահ է նաև ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն՝ երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանը: Մատնացույց է անում կառավարության աջակցությամբ իրականացրած ծրագրերը, որոնք խոշորացված համայնքի 19 բնակավայրեր են հասել: Հարությունյանի խոսքով՝ գյուղից գյուղ շրջելով ավելի է համոզվել, որ կհաղթեն: Իսկ մրցակից քաղաքական թիմի հետ համագործակցել-չհամագործակցելը կորոշեն ընտրություններից հետո:

«Բարոյական արժեքների» թեկնածուն պնդում է, թե ընտրացուցակում ընդգրկված իր թիմակիցներին փորձել են ճնշել.«Ինչքան ճնշումը շատ լինի, ինձ թվում ա, մենք այդքան ուժեղ կլինենք»:

ՔՊ-ի թեկանածու Ջեմմա Հարությունյանը չի ընդունում ճնշումների մասին մեղադրանքները: Ասում է՝ թող մրցակիցը մի անուն տա:

Մրցակից ճամբար անցած Ղարիբյանի եղբայրը 2021 թվականի տեղական ընտրություններում գլխավորում էր ՔՊ-ի ցուցակը, սակայն չհաղթեցին ու ամբողջ կազմով մանդատները վայր դրեցին: 15 հոգու փոխարեն Ամասիայում ավագանին 5 տարի 9 անդամով գործեց: Նախընտրական քարոզարշավը մի քանի օր է՝ սկսվել է: Երկու կողմներն էլ լարվածություն չեն նկատում: Շիրակի մարզում նոյեմբերի 29-ին նաև Աշոցքում են ՏԻՄ ընտրություններ անցկացվելու: Ի տարբերություն Ամասիայի՝ ՔՊ-ն այստեղ մրցակից չունի, թեկնածուն էլ գործող համայնքապետն է: