Մի խումբ եվրոպական երկրներ դատապարտել են ռուսական սահմանափակումները, խոստացել աջակցել Երևանին

Եվրոպացի առաջնորդների «ընտանեկան լուսանկարը» Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ հավաքում

Հայաստանին աջակցող եվրոպական երկրների խումբը Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հայտարարությամբ աջակցություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը՝ դատապարտելով Ռուսաստանի առևտրային սահմանափակումները, խոստացել շարունակել օգնել Երևանին՝ տնտեսության դիվերսիֆիկացնելու հարցում:

Հայտարարությունը տարածվել է Էստոնիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Միացյալ Թագավորության անունից, որոնց ղեկավարները կամ ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի վարչապետին: Նշվում է, որ այս երկրները միանում են Գերմանիային, Նիդերլանդներին, Նորվեգիային, Լեհաստանին, Եվրոպական խորհրդի նախագահին և Եվրոպական հանձնաժողովի նախագահին:

Հայաստանին աջակցող երկրները նշում են, որ հունիսյան խորհրդարանական ընտրություններից ի վեր Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ուղղակի քաղաքական և տնտեսական ճնշումը միայն աճել է։

Ռուսաստանն աննախադեպ սահմանափակումներ է կիրառել հայկական արտահանման նկատմամբ և այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումն օգտագործել որպես ահաբեկման միջոց: Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն ընտրել սեփական ճակատագիրը։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին իր տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում, մասնավորապես՝ առևտրի և էներգետիկայի ոլորտներում՝ հիմնվելով դեպի ԵՄ հայկական արտահանման 80%-ի նկատմամբ մաքսատուրքերը կասեցնելու Եվրոպական միության որոշման վրա»,- նշված է հայտարարությունում:

Հայտարարությունը ստորագրած եվրոպական երկրները խոստանում են աջակցել Հայաստանի եվրոպական ձգտումներին՝ կառուցելու «դիմակայուն ժողովրդավարություն և բարգավաճ տնտեսություն, որը լիովին ինտեգրված կլինի տարածաշրջանային հաղորդակցության ցանցերին և միջազգային առևտրային հոսքերին»:

«Մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից ի վեր արձանագրված զգալի առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք խրախուսում ենք հետագա ջանքերն այս ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների ու ողջ տարածաշրջանի», - ամփոփել են հայտարարության հեղինակները: