Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է լրտեսության անհիմն մեղադրանքներն իր դեմ տեխնոլոգիական սահմանափակումներ կիրառելու պատրվակ դարձնելու մեջ։
Պեկինի հայտարարությունը հաջորդել է այն պնդումներին, թե Nvidia ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը դարձել է չինական լրտեսական գործողության թիրախ։
Ջենսեն Հուանգը և Ալիս Հուանգը Թայբեյում ընթրիքի ժամանակ
«Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացը հիմնված է ինքնուրույն նորարարությունների և բաց համագործակցության վրա։ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի լրտեսության մասին նման հորինված պատմությունների տարածումը՝ դրանք տեխնոլոգիական շրջափակման պատրվակ դարձնելու համար»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։
Պեկինը հերքում է լրտեսության մեղադրանքները՝ դրանք որակելով անհիմն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննում է չիպեր արտադրող ամերիկյան հսկա Nvidia-ի գործադիր տնօրենի և ենթադրյալ չինացի լրտեսի միջև սիրավեպը:
Թրամփն ասել է, որ խոսել է ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ:
Nvidia-ի տնօրենների խորհուրդը ևս սկսել է անկախ հետաքննություն։ Ընկերությունը, սակայն, հայտարարել է, որ այս պահին հիմքեր չունի ենթադրելու, թե իր առևտրային գաղտնիքները կամ ԱՄՆ ազգային անվտանգությունը վտանգվել են։