Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

Չնայած ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցության փաստացի սառեցմանը՝ Երևանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի շրջանակում։

«Ո՛չ։ Եվ վարչապետն անձամբ է ինձ ասել, և շատ ուրիշներ են ասել, որ իրենք մնում են ԱՊՀ-ում։ Մենք որևէ հայտարարություն չենք լսել այն մասին, որ նրանք պատրաստվում են դուրս գալ կազմակերպությունից», - ասել է Լեբեդևը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա ապրիլին էր հայտարարել, որ Հայաստանը կշարունակի ակտիվ անդամակցությունը ԱՊՀ-ին։ Նրա խոսքով՝ այդ դիրքորոշումն ամրագրված է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։

Իսկ անցած տարի հոկտեմբերին Դուշանբեում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովում ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «TRIPP-ը բացում է նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար»։