ԱՄՆ-ի և Կանադայի բարձրագույն՝ MLS ֆուտբոլային լիգայում հանդես եկող «Օռլանդո Սիթիի» 21-ամյա ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Լուրը հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Ես ծնվել և մեծացել եմ Ամերիկայում, բայց հայկական ծագումս միշտ եղել է իմ ինքնության անբաժանելի մասը։ Երբ այդ հնարավորությունն ընձեռվեց, ես այն ընկալեցի որպես իմ արմատներին ավելի մոտենալու, ընտանիքս ներկայացնելու և հայ ժողովրդին հպարտանալու առիթ տալու հնարավորություն»,- ՀՖՖ-ին տված հարցազրույցում ասել է 21-ամյա ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանը։
ՀՖՖ-ի փոխանցմամբ՝ Սարաջյանի՝ Հայաստանի ազգային հավաքականը ներկայացնելու որոշման հարցում կարևոր դեր է ունեցել ազգային ընտրանու նախկին հարձակվող, Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանը։
«Նա բարձրահասակ, արագ, տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է։ MLS-ում խաղալն ինքնին հեշտ չէ․ այնտեղ ֆուտբոլը բավականին արագ է, ֆիզիկապես պահանջկոտ, և նա ոչ միայն չի զիջում այդ մակարդակին, այլև շարունակում է զարգանալ ու առաջադիմել։ Նրա ֆիզիկական տվյալները, խաղային որակներն ու ներուժը մեր հավաքականին օդ ու ջրի պես անհրաժեշտ են», - ՀՖՖ-ին տված հարցազրույցում ասել է Մովսիսյանը։
Հարվի Սարաջյանը ծնվել է 2005 թվականին Ֆլորիդայում։ Ֆուտբոլային առաջին քայլերն արել է ամերիկյան համալսարանական թիմերում, իսկ 2026 թվականի հունվարին «Օռլանդո Սիթիի» հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Նույն տարում «Օռլանդո Սիթի Բ»-ի կազմում անցկացրած 16 խաղում նա դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
«Օռլանդո Սիթիի» 21-ամյա հայազգի ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի հավաքականում
«Օռլանդո Սիթիի» 21-ամյա ֆուտբոլիստ Հարվի Սարաջյան Լուսանկարը՝ ՀՖՖ-ի պաշտոնական էջից