AI ոլորտում ԱՄՆ-Չինաստան մրցակցության ինտիմ կողմը միլիարդավոր դոլարներ արժե
Apple-ից հետո ամերիկյան երկրորդ ամենաթանկ ընկերության՝ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը սկանդալի մեջ է. սիրելին, որն իր կինը չէ և որի հետ նա ունեցել է ռոմանտիկ հարաբերություններ, կասկածվում է Չինաստանի համար տեղեկություններ հավաքելու, լրտեսելու մեջ: Հուանգն արդեն խոստովանել է՝ իր կնոջը դավաճանել է, իսկ դավաճանե՞լ է արդյոք Միացյալն Նահանգներին՝ դեռ հետաքննվում է:
Հարցն այստեղ միայն ընտանեկան ու անձնական չէ. ԱՄՆ-ն և Չինաստանը կատաղի մրցակցության մեջ են արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում գերիշխանության համար։
Սկանդալը, ժանրի կանոններին համապատասխան, պայթել է շատ անժամանակ. Վաշինգտոնը հիմա փորձում է կանխել Չինաստանի կողմից ամերիկյան առաջադեմ կիսահաղորդիչների, այդ թվում՝ Nvidia-ի ամենահզոր արհեստական բանականության չիպերի ձեռքբերումը։
Ի՞նչ պատմություն է սա ու ինչպե՞ս է ջրի երես դուրս եկել:
Ջենսեն Հուանգն Nvidia-ն համահիմնադրել է ավելի քան 30 տարի առաջ․ կազմակերպությունն աշխարհի խոշորագույններից է ու բացառիկ կարևոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների տեխնոլոգիական կյանքում: Բայց նոյեմբերի 9-ի առավոտյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազեց ավելի քան 4 տոկոսով։ Որպեսզի պատկերացնեք՝ ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում է 4.5 տրիլիոն դոլար․ սա ավելին է, քան աշխարհի չորրորդ խոշոր տնտեսություն ունեցող Ճապոնիայի ՀՆԱ-ն:
Մեղադրանքներն առաջին անգամ ի հայտ են եկել անցած ամսվա վերջին՝ The New York Times-ի հետաքննության մեջ։ Ըստ պարբերականի՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունների պաշտոնյաները հետևել են տիկնոջն ու կասկածներ ունեն, որ Պեկինը նրան հավաքագրել է՝ Nvidia-ի գործադիր տնօրենի մասին տեղեկություններ կորզելու և, հնարավոր է, ընկերության՝ Չինաստան չիպերի վաճառքի վրա ազդելու նպատակով։
63-ամյա Ջենսեն Հուանգը հաստատել է, որ սիրային կապ է ունեցել Սինգապուրում գործող ընկերության նախկին ղեկավար Ալիս Հուանգի հետ: Թայվանի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող տղամարդը հիմա կասկածվում է օտարերկրյա հետախուզական գործողության թիրախ դառնալու մեջ: Nvidia-ն այսօր հայտարարեց, որ անկախ հետաքննություն է անցկացնում, Ջենսենը պնդում է, թե կողմ է այդ հետաքննությանը, իսկ բազմաթիվ ամերիկացիներ մտահոգ են՝ գուցե ԱՄՆ ազգային անվտանգությունն ու երկրի գաղտնիքները վտանգի տակ են:
Ինչպե՞ս կարող է երկու Հուանգների սիրավեպն ազդել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների և արհեստական բանականության ոլորտում գերիշխանության համար մրցակցության վրա։ Այս հարցն է միջազգային մամուլի թոփ թեման այսօր:
Ալիս Հուանգը Չինաստանի քաղաքացի է և Megaspeed International ընկերության նախկին բարձրաստիճան ղեկավար։ Ընկերությունը տրամադրում է հաշվողական ենթակառուցվածքներ, որոնք օգտագործվում են ԱԲ համակարգերի աշխատանքի և ուսուցման համար։
Ըստ The New York Times-ի՝ Megaspeed-ը դարձել էր Nvidia-ի խոշորագույն գնորդներից մեկը՝ ամերիկյան ընկերությունից ձեռք բերելով շուրջ 4.8 միլիարդ դոլարի սարքավորումներ։
«Ես դավաճանել եմ կնոջս։ Իմ գործողությունները ցավ են պատճառել նրան և մեր երեխաներին։ Իմ արածի համար արդարացում չկա։ Ես խորապես զղջում եմ»,- հայտարարել է Ջենսեն Հուանգը:
Նա, ի դեպ, համարվում է ԱԲ ոլորտում առևտրի հարցերով նախագահ Թրամփի մերձավոր խորհրդականներից մեկը և բազմիցս հանդես է եկել դեպի Չինաստան չիպերի վաճառքի սահմանափակումները մեղմելու օգտին։
Նախագահ Թրամփը պաշտպանել է Հուանգին՝ նրան բնութագրելով որպես «պատվարժան մարդ»։ Ըատ մամուլի, ԱՄՆ անվտանգության պաշտոնյաները Սպիտակ տան ղեկավարին զգուշացրել էին հնարավոր վտանգի մասին, սակայն նա անտեսել էր ահազանգերը։
Հարցին, թե արդյոք ինքը պետք է քայլեր ձեռնարկեր՝ մեղադրանքների վերաբերյալ հետախուզական զեկույց ստանալուց հետո, Թրամփը պատասխանել է. «Ո՛չ, չեմ կարծում»։
Փորձագետները, բայց, կարծում են, որ սկանդալը կարող է սրել Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածությունը՝ կապված առաջադեմ ԱԲ համակարգերի մշակման համար անհրաժեշտ հզոր կիսահաղորդիչների հասանելիության հետ։ Կիսահաղորդիչները գրեթե բոլոր էլեկտրոնային սարքերում են՝ սմարթֆոններից մինչև ավտոմեքենաներ և ռազմական տեխնիկա:
Nvidia-ն այս մրցակցության առանցքային դերակատարներից է։
Վաշինգտոնը ազգային անվտանգության նկատառումներով սահմանափակել է իր ամենաառաջադեմ պրոցեսորների արտահանումը Չինաստան։ Nvidia-ի ամենահզոր՝ Blackwell GPU չիպերի արտահանումը Չինաստան արգելված է։
Megaspeed-ի շուրջ մեղադրանքները կարող են մեծացնել Վաշինգտոնի ճնշումը՝ ավելի խիստ վերահսկողություն սահմանելու Nvidia-ի արտասահմանյան հաճախորդների նկատմամբ և խստացնելու չիպերի մատակարարման սահմանափակումները։