Տիգրան Ավինյանը՝ 2028-ին առաջադրվելու հնարավորության մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, արխիվ

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն դեռ չի բացահայտում՝ պատրաստվո՞ւմ է նորից առաջադրվել 2028-ին կայանալիք Երևանի ՏԻՄ ընտրություններում և արդյոք իշխող կուսակցության ղեկավարից՝ վարչապետ Փաշինյանից ստացե՞լ է ազդակ, որ նորից իր թեկնածությունն է առաջադրվելու: Պաշտոնյան պնդեց, թե դեռ այդ մասին խոսելու ժամանակը չէ:

«Ես անկեղծ եմ ասում՝ այդ մասին առհասարակ նախ [իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում] քննարկումներ չունենք, ներքին պայքար չունենք, որոշումներ չունենք, և դրա մասին շատ վաղ է խոսել», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ավինյանը:

Լրագրողների հարցերին, որ արդեն վաղ քարոզարշավ է սկսել մայրաքաղաքում՝ ակտիվացնելով բակային շփումները երևանցիների հետ, Ավինյանը արձագանքեց, թե միշտ էլ շփվել է քաղաքացիների հետ, նաև փորձում է ցույց տալ, թե «ինչ մեծ ծավալի աշխատանք է անում քաղաքապետարանը»:

«Ինձ անդադար մեղադրում, որ ես 2022 թվականից անդադար քարոզարշավ եմ անում, և ես կարծում եմ՝ քաղաքական գործչի ֆունկցիաներից մեկը նաև դա է: Քարոզարշավը պետք չի ընկալել որպես միայն ընտրական պրոցես, որովհետև այդ պրոցեսը, այսինքն՝ մեր աշխատանքի հանրայնացումը կարևորագույն գործ է: 3.5 անգամ մեր բյուջեն ավելացնելով և ծրագրեր իրականացնելով՝ մենք այդ աշխատանքը պարտավոր ենք ցույց տալ», - ասաց Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի քննարկմանը մասնակցող Երևանի քաղաքապետը:

37-ամյա Ավինյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել 2023 թվականին: Նրան ընտրվելու հարցում աջակցեց Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որը Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմեց: