44-օրյա պատերազմից 6 տարի անց. ի՞նչ հարցեր են անպատասխան

Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման վեցերորդ տարին, որով ավարտվեց 44-օրյա պատերազմը։ 3 տարի անց Ադրբեջանը լիակատար վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ ամբողջովին հայաթափելով տարածաշրջանը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթով սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը կանգ առավ զորքերի զբաղեցրած դիրքերում։ Հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, իսկ Ղարաբաղում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

44 օր շարունակված պատերազմից հետո բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են

Դրանցից ամենացավոտ հարցերը զոհերի մասին են։ Տարիներ շարունակ զոհվածների թվի վերաբերյալ տարբեր պատասխաններ են հնչել: Թվերի շուրջ հակասությունները դարձել են քաղաքական բանավեճերի և փոխադարձ մեղադրանքների թեմա։ Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրել են զոհերի ցավը շահարկելու համար։ Հստակ է մեկ բան՝ պատերազմից վեց տարի անց դեռ չկա զոհվածների միասնական, հրապարակային ցուցակ։

Վերջին պաշտոնական տվյալներով՝ պատերազմում հայկական կողմից զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Վեց տարի անց անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Պատերազմի հանգամանքները պարզելու համար իշխանությունը խորհրդարանում երեք տարի ուսումնասիրեց 44 օրվա մանրամասները, պատմությունն ու նախապատմությունը։ Բայց թե ինչ պարզվեց՝ հանրությունը մինչ օրս չգիտի։

Մանրամասները «Ազատության» «Թեմա» հաղորդաշարում.

Ինը կետից բաղկացած հայտարարության մի շարք դրույթներ այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Մասնավորապես, չիրականացան տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և ռազմագերիների ու այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունները։

Եռակողմ հայտարարությունից գրեթե երեք տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելով տարածաշրջանը։ Ավելի քան 100 հազար հայեր հարկադրված լքեցին իրենց տները, իսկ Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները գերեվարվեցին և տեղափոխվեցին Բաքու։

2024 թվականի հունիսին՝ նախատեսված ժամկետից շուրջ մեկուկես տարի շուտ, ռուս խաղաղապահներն ամբողջությամբ դուրս եկան արդեն հայաթափված Լեռնային Ղարաբաղից։

Արդեն 2025 թվականի օգոստոսի 8-ին Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում կրկին նստեցին ընդհանուր սեղանի շուրջ և նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը, որը, սակայն, մինչ օրս չի ստորագրվել։ Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման առաջ քաշել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ պնդելով, թե դրանում տարածքային պահանջներ կան:

Խաղաղության պայմանագրում չներառվեց հայ գերիների հարցը: Այժմ 19 հայ է պահվում ադրբեջանական բանտերում՝ ծանր ռազմական հանցագործությունների մեղադրանքով: Նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն են, այդ թվում՝ 3 նախկին նախագահները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ՝ 44 -օրյա պատերազմի ընթացքում գրավված Շուշիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ է նշել տարելիցը:
Առայժմ այս մասին հայտարարություն չի արել Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ ի տարբերություն անցյալ տարվա ծավալուն հաղորդագրության, որտեղ Մոսկվան պնդում էր, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռ ուժի մեջ է:

Հայաստանի իշխանությունները պատերազմի մեկնարկի և ավարտի օրերին՝ սեպտեմբերի 27-ին ու նոյեմբերի 9-ին ուղերձներ չեն հղում, Եռաբլուր չեն այցելում: Վարչապետ Փաշինյանը վերջին անգամ նոյեմբերի 9-ին Եռաբլուր այցելել է 5 տարի առաջ՝ 2021 թվականին:

Այս տարեսկզբին ընդունված նոր օրենքով՝ հունվարի 27-ն է սահմանվել «հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր»: