Եվս մեկ միջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տուժողն ուկրաինացի է

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ նոր միջադեպից հետո երկու ռուս զինծառայող է կալանավորվել: Նրանք հայաստանյան քրեակատարողական հիմնարկում են պահվում:

Տուժողը Ուկրաինայի քաղաքացի Դմիտրի Սամուելենկոն է: Հենց նա է դիմել իրավապահներին՝ հայտնելով, որ իրեն Գյումրիի Անի թաղամասում երկու զինծառայողներ են ծեծել: Դեպքը մոտ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ վարույթ են հարուցել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով, դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Ռազմաբազայի երկու զինծառայողները կալանավորված են առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:

Թե ինչն է այս միջադեպի պատճառը, ինչու են ռուսները ծեծել ուկրաինացուն, դեռ պարզ չէ:

Օրերս ռուս զինծառայողների մասնակցությամբ մեկ այլ միջադեպի մասին էր բարձրաձայնել իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին էր ուղարկվել մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են մի երիտասարդի ռուս զինվորականները ծեծում ու նվաստացնում: Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել գլխավոր դատախազություն՝ դրան կցելով տեսանյութը:

Այս միջադեպի մասին իրավապահները դեռ մանրամասներ չեն հաղորդում: Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին, որ տեսնյութի վերաբերյալ իրենք որևէ հաղորդում մինչ այս պահը չեն ստացել:

Ռուսական ռազմաբազան կամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը որևէ մեկնաբանություն չեն արել ոչ այս, ոչ էլ մյուս միջադեպի մասին: