«Ամեն ինչ անելու եմ, որ քայլեն». տեղահանված արցախցի կնոջ պայքարը հանուն երեխաների

Տեղահանված արցախցի կինը երեխաների հետ, Աշտարակ, նոյեմբեր 2026թ.

Երեք տարի առաջ Արցախից տեղահանված Ռուզաննան, որ ամուսնու և հինգ երեխաների հետ այսօր Աշտարակում է ապրում, երջանկության երկու շրջան ունի տարվա մեջ․ երբ երեխաներին մի քանի շաբաթով տանում է Կոշի մանկական վերականգնողական կենտրոն։

«Ինքը ինձ սիրում ա, ինքը իրա էն աչիկներով, որ նայում ա, հերիք ա։ Նայի, գլուխը դնում ա, սիրում ա։ Ես երջանիկ եմ իրանց հետ…շատ։ Հեսա էս ամսի 20-ին էլ պիտի գնանք կենտրոն՝ բուժումների»,- պատմում է մայրը։

Բաթն ու Վալերին՝ նրա 11 և 14 տարեկան որդիները, մանկական ուղեղային կաթված ունեն։ Կենտրոնում նրանք ստանում են ֆիզիոթերապևտի, հոգեբանի և լոգոպեդի աջակցություն։

Բաթն անընդհատ ձայներով մասնակցում է զրույցին, ուրեմն ուրախ է: Իսկ երբ մայրիկը տխրում է, լռում է Բաթը։

Տեղահանված արցախցի կինը որդու հետ

«Իրանք իրար հետ շատ են սիրում։ Ես կապնվել եմ։ Կյանքս կտամ իրանց համար, փայ էլ կհավաքեմ, կտամ»,- արցունքները կոկորդում սեղմելով՝ պատմում է Ռուզաննան։

Ռուզաննան ամուսնու՝ Հովհաննեսի, և հինգ երեխաների հետ 3 տարի առաջ Արցախից է տեղահանվել։ Բաթին գրկած, մյուս տեղահանվածների պես Գորիսում էր՝ դեռ չթոթափած պատերազմի ու ճանապարհի դժոխքը, մի կերպ էին փախել։

«Տունը, բանը ամեն ինչ թողել ենք, եկել։ Ավտոբուսներով եկանք հիվանդների հետ։ Մեկն էլ մեջը մահացավ»,- հիշում է Ռուզաննան։

Տեղահանված արցախցի կինը որդու հետ Գորիսում

Հիմա Աշտարակում վարձով են ապրում, տունը երկհարկանի է, սանհանգույցը՝ ներքևում, տղաներին գրկած վերև ներքև պիտի անի անի մայրը, ձմռանն էլ՝ սառած աստիճաններով։

«Դժվարանում եմ բալիկներիս գրկել էս աստիճաններով իջնել՝ հիգիենան պահպանելու, լողացնելու համար։ Տնային պայմաներում կարող եմ փեջի մոտ դնեմ տաշտը, բայց հասուն երեխեք են, չեն կարող էդքանը»,- պատմում է բազմազավակ կինը՝ սրտնեղելով՝ հարմարեցված լողարանով սեփական տուն ունենալը դեռ երազանք է։

«Գոնե մի հարկանի տենց հարմար տուն կարողանամ ձեռք բերել, բաղնիքը բանը մեջը լինի էլի»։

Դրան հասնելու, տեղահանվածների համար նախատեսված բնակարանային ծրագրով տուն գնելու համար սկսել, բայց այդպես էլ չեն կարողանում ավարտել Հայաստանի քաղաքացի դառնալու գործը։

«Քաշքշուկի մեջ են գցում, էս մի թղթից էն մի թուղթը, բայց ոչ մի լուծում չեն գտնում։ Հուլիսից մինչև հոկտեմբեր սպասել եմ, ասել են ծննդականդ թարգմանի, գնացել եմ փող եմ տվել բանկին, ասել են էս ինչ ամսի 20-ին արի, հոգնել եմ արդեն էդ քաշքշուկներից»,- շարունակում է արցախցի կինը՝ բացատրելով՝ պակաս փաստաթղթերը լրացրել է, հայտը ներկայացրել, բայց հիմա էլ պարզվում է՝ միայն գարնանը կարող է մոտենալ անձնագրային։

«Ասել են մարտ ամիսը, բայց թե էս ձմեռը ոնց կհանեմ, շատ դժվարանում եմ, չգիտեմ»,- շարունակում է Ռուզաննան:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լիահույս է, որ «տարեվերջին ավելի լավ պատկեր կունենան»։ Հույսից բացի, նախարարը բացատրություն էլ ունի, թե ինչու է ձգվում քաղաքացի դառնալու գործընթացը՝ դիմումների թիվը շատ մեծ է:

«Իշխանությանը չեմ հասկանում՝ ինչ են ուզում։ Այս ձմռանն էլ եմ սառած աստիճաններով տղաներիս գրկած վերուվար անելու»,- հուսահատվում է Ռուզաննան, որ մտքում արդեն տուն էր գտել Կոշի կամ Եղվարդի մանկական վերականգնողական կենտրոններին մոտ համայնքներում:

Պետությունից ամեն ամիս 150 հազար դրամ են ստանում, որը ուղիղ տան վարձի գումարն է՝ սնունդ, հագուստ, կոմունալ վճարներ, երեք երեխաներին դպրոց ուղարկել, հաշմանդամությամբ երկու տղաների խնամքը, հիգիենան ապահովել։

Այս ամենը գիշերային հերթափոխով աշխատող ամուսնու ուսերին է։ Տղաների հաշմանդամության նպաստը՝ երկուսինը միասին, 90 հազար է: Մի այդքան էլ տեղահանվածների համար նախատեսված հրատապ աջակցության գումարն էր, որից զրկվեցին:

Ըստ Ռուզաննայի՝ պատճառն այն էր, որ բարեգործական դրամահավաքի միջոցով ամուսինը 25 տարավա հնության մեքենա էր գնել: Այն անհրաժեշտ է երեխաներին վերականգնողական կենտրոն տանել-բերելու համար։

Անձնական օգնականի ծառայությունն էլ է անհասանալի ընտանքի համար, որովհետև տղաների 15 տարին չի լրացել: Կարգավորումն է այդպիսին, տարիքային սահմանափակում կա:

Ռուզաննան չի թաքցնում իր հիասթափությունը, բայց չի պատրաստվում հանձնվել։

«Բայց պայքարելու եմ, չեմ կոտրվելու ինչ դժվարություն էլ լինի։ Ասում են՝ ինչի՞ չես տալի մանկատուն, չեմ տանելու...պայքարելու եմ»,- շարունակում է կինը, որ ամբողջ օրը Վալերիի ու Բաթի խնամքին է նվիրում, գիշերն էլ՝ տնային գործերով։

Մյուս դպրոցական երեխաների՝ Զավենի, Անահիտի ու Տաթևի կրթությամբ զբաղվել չի հասցնում, լրացուցիչ պարապմունքների են գնում։

Ընտանիքում բոլորի երազանքները երկու տղաների ու նրանց հարմարավետ կյանքի մասին են ... երեք տարի առաջ էլ Ռուզաննան Գորիսի մթի մեջ նրանց բուժման մասին էր մտածում՝ տանել, բուժել Գերմանիայում։

Հիմա Գերմանիան չէ, Հայաստանի քաղաքացի դառնալն է երազանք դարձել, որ վերջապես հարմար տուն ունենան։ Բայց մեծ նպատակը չի փոխվել՝ անել ամեն ինչ, որ տղաները մի օր կարողանան քայլել։