Դնեպրոպետրովսկի մարզում ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության

Ռուսական զորքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։

Ինչպես հաղորդում է ուկրաինական ԴՏԷԿ էներգետիկ ընկերությունը, հարձակումից վնասվել են տարածաշրջանի կարևոր էներգետիկ օբյեկտները։ Էլեկտրամատակարարումն ընդհատվել է Պավլոգրադի, Սամարի, Կամենսկի, Դնեպրի շրջաններում, ինչպես նաև Դնեպր քաղաքում։

Մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ հիվանդանոցներն ու կենսական նշանակության ենթակառուցվածքներն անցնում են գեներատորներով աշխատանքի։

Ռուսական անօդաչուների հարվածներից Խմելնիցկի քաղաքում վնասվել են բնակելի շենքեր։ Արտակարգ ծառայությունների նախնական տվյալներով՝ մեկ մարդ տուժել է։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ գիշերը Ռուսաստանը երկրի ուղղությամբ արձակել է 164 անօդաչու և երեք հրթիռ։ Ուկրաինական կողմը հայտնում է, որ խոցել է անօդաչուներից 137-ը։