Լեհաստանի վարչապետը Կրակովում տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչություն է որակել

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Կրակովի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչական գործողություն է որակել։

Լեհաստանի ներքին գործերի նախարարության վերջին տվյալներով՝ Կրակովի պատմական կենտրոնի Շուկայի հրապարակում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել։ Զինված տղամարդը կրակ էր բացել անցորդների ուղղությամբ՝ ավտոմեքենայի միջից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կրակովում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել է 15 մարդ

Զոհերի թվում մեկ Մեծ Բրիտանիայի քաղաքացի և երեք լեհ կա։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ վիրավորների թվում կան Գերմանիայի, Ավստրիայի, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի քաղաքացիներ։ Ռուսաստանի դեսպանատունը ևս հաստատել է, որ վիրավորների թվում ՌԴ քաղաքացի կա։

Հրաձգության կասկածյալը ձերբակալության ընթացքում վիրավորվել է և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրա ավտոմեքենայում հայտնաբերվել են զենքեր և զինամթերք։

Կասկածյալի տանը հայտնաբերվել է երեք դի

Տուսկի խոսքով՝ ենթադրյալ հարձակվողի բնակարանում հայտնաբերվել են երկու կնոջ և մեկ տղամարդու դիեր։ Ենթադրվում է, որ նրանք կասկածյալի մերձավոր ազգականներն են։

Լեհաստանի վարչապետն ընդգծել է, որ ոստիկանությունն ու հատուկ ծառայություններն ամեն ինչ կանեն հանցագործության հանգամանքներն ու հարձակվողի դրդապատճառները հնարավորինս արագ պարզելու և հանրությանը ներկայացնելու համար։

Լեհաստանի ՆԳՆ. կասկածյալը զինծառայող չի եղել

Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկու խոսքով՝ նախնական տվյալներով՝ կասկածյալը Լեհաստանի 24-ամյա քաղաքացի է, որը «հետաքրքրված է ծայրահեղ աջ գաղափարախոսություններով»։

Նախարարը նաև հայտնել է, որ թեև հարձակվողը զինվորական քողարկող համազգեստով է եղել, նա ոչ գործող, ոչ էլ նախկին զինծառայող է։

Լեհական Onet լրատվական կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Օստրովեց Շվենտոկշիսկի քաղաքից Միխալ Օ.-ն է, որն ունեցել է երկու տեսակի հրազեն պահելու թույլտվություն։

Նա վարել է Subaru մակնիշի ավտոմեքենա, որը գրանցված է եղել իր 52-ամյա հոր անունով։ Վերջինս ևս զենք կրելու թույլտվություն ունի և ընդհանուր առմամբ տիրապետում է 11 միավոր հրազենի։

Ըստ լրատվամիջոցի՝ ո՛չ հայրը, ո՛չ որդին նախկինում դատված չեն եղել։