Հայաստանյան կաթնամթերքում վերջին շրջանում աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) վտանգավոր շտամներ չեն հայտնաբերվել, սննդով պայմանավորված զանգվածային թունավորման դեպքեր ևս չեն արձանագրվել, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)՝ արձագանքելով կաթնամթերքի անվտանգության շուրջ վերջին օրերի քննարկումներին։
Նախօրեին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հրապարակել էր հայկական 11 արտադրողի կաթնամթերքի լաբորատոր հետազոտությունների արդյունքները՝ ահազանգելով մի շարք արտադրատեսակներում հայտնաբերված մանրէաբանական խախտումների մասին։ Նրա փոխանցմամբ՝ նմուշները հետազոտվել են միջազգային հավատարմագրում ունեցող երեք լաբորատորիաներում։
Տեսչական մարմինն այսօր պարզաբանում է, որ քննարկման կենտրոնում հայտնված աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայությունը կարող է վկայել արտադրանքի աղտոտման, սանիտարահիգիենիկ անբավարար պայմանների կամ մաքրման ու ախտահանման գործընթացների թերությունների մասին։
Սակայն, ինչպես նշում է ՍԱՏՄ-ն՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին, այդ խմբի ոչ բոլոր մանրէներն են հիվանդածին։ Դրանց առանձին շտամներ կարող են առողջական խնդիրներ առաջացնել, սակայն նման վտանգավոր շտամներ վերջին շրջանում կաթնամթերքում չեն հայտնաբերվել։
Տեսչական մարմինը նաև վստահեցնում է, որ կաթնամթերք արտադրող և իրացնող կազմակերպություններում պարբերաբար ստուգումներ են իրականացվում, իսկ հայտնաբերված խախտումների մասին հանրությունն իրազեկվում է։