Նոյեմբերի 7-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Կիևի Հյուսիսային կամրջին։ Ինչպես հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, կամրջով երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցվել է։
«Վնասվել են ճանապարհի ծածկը, տրոլեյբուսների կոնտակտային ցանցը և էլեկտրահաղորդման գիծը։ Պայթյունի ալիքից կամրջի մոտ գտնվող կայանատեղիում վնասվել է հինգ բեռնատար», - նշել է քաղաքապետը։
Վերջին տվյալներով՝ Կիևի վրա հարձակումների հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ 14-ամյա դեռահաս։ Քաղաքում վնասվել են բազմաբնակարան բնակելի շենքեր, մանկապարտեզ և ոչ բնակելի շինություն։
Կլիչկոյի խոսքով՝ գիշերը հարվածների են ենթարկվել նաև Կիևի և Ժիտոմիրի մարզերի էներգետիկ ենթակառուցվածքները, ինչի հետևանքով մայրաքաղաքի էլեկտրամատակարարման հարցում «չափազանց բարդ իրավիճակ» է ստեղծվել։
Կիևի մարզի Բոգդանովկա գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է առանձնատան։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ փլատակների տակ են հայտնվել ամուսիններ։
Շաբաթ առավոտյան Չեռնիգովի քաղաքային խորհուրդը հայտնել է, որ քաղաքն ամբողջությամբ մնացել է առանց էլեկտրականության։ Դադարեցվել է նաև էլեկտրական հասարակական տրանսպորտի աշխատանքը։
Ուրբաթ երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը նոր հարվածներ է նախապատրաստում երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին, Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներին և քաղաքացիական օբյեկտներին։
Կիևի սահմաններում Դնեպրի վրայով անցնում է ինը ավտոմոբիլային, երկաթուղային և հետիոտնային կամուրջ։ Հյուսիսային և Հարավային կամուրջները քաղաքի ձախ և աջ ափերը կապող հիմնական տրանսպորտային ուղիներից են։ Երկուսն էլ նախկինում ռուսական հարձակումների թիրախ են դարձել։