Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևեր

Բելգիայի թագավոր Ֆիլիպը մերժել է վարչապետ Բարտ դե Վևերի հրաժարականն ընդունելու առաջարկը և իշխող կոալիցիային լրացուցիչ ժամանակ տվել՝ ծախսերի կրճատումներ նախատեսող նոր բյուջեի շուրջ համաձայնության գալու համար։

«Թագավորը որոշել է մերժել վարչապետի հրաժարականը և խնդրել է նրան անհապաղ վերսկսել բյուջեի շուրջ բանակցությունները։ Վարչապետը նոյեմբերի 16-ին՝ երկուշաբթի, կրկին զեկուցելու է թագավորին»,- ասվում էթագավորական պալատի հայտարարության մեջ։

Ֆլամանդացի պահպանողական գործիչ դե Վևերը շաբաթվա սկզբին էր առաջարկել հրաժարական տալ այն բանից հետո, երբ կոալիցիոն գործընկերները չկարողացան համաձայնության գալ 2027 թվականի բյուջեի շուրջ։

Նա 2027 թվականի ամբողջական բյուջեն չընդունելը որակել էր որպես կառավարության համար «լուրջ հետընթաց»։

Դե Վևերը մինչև 2029 թվականը նախատեսում է 10 միլիարդ եվրոյի բյուջետային խնայողություններ ապահովել՝ կրճատելու համար Բելգիայի պետական բյուջեի պակասուրդը, որը գերազանցում է ՀՆԱ-ի 5 տոկոսը։

Առաջարկվում է կրճատել պետական ծախսերը, այդ թվում՝ առողջապահության ոլորտում, և բարձրացնել ավելացված արժեքի հարկը։ Սակայն կոալիցիայի անդամ ֆրանսախոս լիբերալ «Բարեփոխումների շարժում» կուսակցությունը դեմ է հարկի բարձրացմանը։

Կառավարության ներսում տարաձայնություններն ավելի են խորացել նաև խնայողության միջոցառումների դեմ արհմիությունների բողոքի ակցիաների պատճառով։