Համոզված եմ՝ առաջիկայում Հայաստանը և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն. Փաշինյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ստամբուլ, 2025 թվականի հունիսի 20

«Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն»,- այս համոզմունքն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ժամանակ՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին։

Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների ճանաչման վրա։

«Հայաստանը և Թուրքիան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, բայց ես համոզված եմ, որ առաջիկայում այդ հարաբերությունները կհաստատվեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները։ Եվ կարծում եմ, որ դա մի փաստ է, որը մենք պետք է արձանագրենք»,- ասել է վարչապետը։

Երևանն ու Անկարան 2021 թվականից պայմանավորվել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը հայ - թուրքական հաշտեցումը մշտապես պայմանավորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով: Արդյունքում՝ մինչ օրս կյանքի չի կոչվել անգամ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էրդողան-Փաշինյան հանդիպումները «միտված են կարգավորումը առավելագույն մակարդակին բարձրացնելուն»

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կհաստատվի այդ գործընթացում Երևանի բանագնացի թեկնածությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար. պաշտոնյաների արձագանքըՀայ և թուրք դիվանագետները անվճար վիզա կստանան. ի՞նչ են պայմանավորվել Հայաստանն ու Թուրքիան