ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը

ՍԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Վարդանյան

Այսօր կայացած նիստում Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Վլադիմիր Վարդանյանը: Երկրորդ թեկնածուն ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանն էր:

Այս անգամ էլ ընտրության առաջին փուլում գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով կողմ ձայներ: Ուստի անցկացվել է ընտրության երկրորդ փուլ: ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ՝ Վարդանյանը երկրորդ փուլում ստացել է 5 ձայն:

Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

47-ամյա Վլադիմիր Վարդանյանը նախքան ՍԴ դատավոր ընտրվելը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր: Իսկ խորհրդարան տեղափոխվելուց առաջ՝ 2000-ականների սկզբից մինչև 2018 թվականը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՍԴ-ում, այդ թվում՝ եղել է դատարանի աշխատակազմի ղեկավարը:

Հոկտեմբերին՝ ՍԴ նախորդ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ավարտից հետո տեղի ունեցած նիստում ՍԴ անդամներին չէր հաջողվել իրենց կազմից նախագահ ընտրել: Առաջին փուլում ևս նույն երկու թեկնածուներն էին առաջադրվել՝ Վարդանյանը և Շաթիրյանը, բայց այն ժամանակ երկուսն էլ անհրաժեշտ ձայները չէին ստացել: