ՍԴ-ում այսօր կփորձեն նորից նախագահ ընտրել

Նիստ Սահմանադրական դատարանում, արխիվ

Սահմանադրական դատարանում այսօր նորից կփորձեն նախագահ ընտրել: Այդ օրակարգով աշխատակարգային փակ նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին:

Հոկտեմբերին՝ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ավարտից հետո տեղի ունեցած նիստում ՍԴ անդամներին չհաջողվեց իրենց կազմից նախագահ ընտրել:

Այս պահին դեռ պարզ չէ, թե ով է ինքնառաջադրվելու կամ ում են մյուս անդամներն առաջադրելու:

Հոկտեմբերին առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, ով այժմ նաև նախագահի լիազորություններ է կատարում:

Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի 6 դատավորների ձայներ. եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է 5 ձայնով:

Մոտ հինգ ժամ տևած նիստում ոչ 6, ոչ էլ 5 ձայն ստացող չէր եղել: ՍԴ-ից չէին բացահայտել՝ թեկնածուներից ով քանի ձայն է ստացել գաղտնի քվեարկության արդյունքում:

Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի: