Ազգային ժողովում շարունակվում են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այսօր օրակարգում տնտեսությանն առնչվող ոլորտներն են՝ արդյունաբերությունից ու գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն, ներդրումներ, բարձր տեխնոլոգիաներ և տնտեսական մրցակցություն։
Քննարկմանը մասնակցում են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը, ինչպես նաև ոլորտային կառույցների ղեկավարներ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել է Շիրակի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիների փոխհատուցումներով՝ նշելով, որ նրանցից շատերը մինչ օրս գումար չեն ստացել։
Պապոյանի խոսքով՝ 2024-2025 թվականներին գյուղատնտեսական ապահովագրության համակարգը փաստացի չի գործել, և կառավարությունն ինքն է փոխհատուցել քաղաքացիների վնասները՝ նախկին ապահովագրական համակարգի սկզբունքներով։ Այս տարի համակարգը կրկին գործում է։
Նախարարը հայտնել է, որ էկոնոմիկայի նախարարությունն արդեն ստացել է շուրջ 400 միլիոն դրամի հաշիվներ, որոնց գումարներն ամբողջությամբ փոխանցվել են ապահովագրական ընկերություններին։ Սպասվում են ևս մոտ 400 միլիոն դրամի հաշիվներ։
Իսկ փոխհատուցում դեռ չստացած գյուղացիների դեպքում, ըստ Պապոյանի, ապահովագրական ընկերությունների և Կենտրոնական բանկի ենթակայությամբ գործող հիմնադրամի միջև որոշ հարցեր դեռ վերջնական լուծում չեն ստացել։
Պատգամավորը հարցրել է նաև, թե ինչու են հաջորդ տարվա բյուջեով կրճատվել արտահանման խթանման միջոցները, երբ Ռուսաստանի հետ առևտրում խնդիրներ կան, և անհրաժեշտ է հայկական արտադրանքի համար նոր շուկաներ գտնել։
Պապոյանի խոսքով՝ արտահանման աջակցության համար արդեն ավելի քան 14-15 միլիարդ դրամ է ծախսվել։ Նախորդ տարի բյուջեն կազմելիս, սակայն, կառավարությունը չէր կանխատեսում, որ Ռուսաստանը նման սահմանափակումներ կկիրառի հայկական արտադրանքի նկատմամբ։
«Չէր պլանավորվում, որ տեղի կունենան այդպիսի անհիմն սահմանափակումներ Հայաստանի արտադրողների նկատմամբ, և Հայաստանի արտադրողների որակյալ արտադրանքի մուտքը ռուսական շուկա անհիմն կսահմանափակվի, որպեսզի Հայաստանում ինչ-որ քաղաքական ուժեր ավելի շատ ձայներ ստանան և հայտնվեն խորհրդարանում», - հայտարարել է նախարարը։
Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակում է ամեն ամիս աջակցել արտահանողներին, սակայն չի պատրաստվում հաջորդ տարվա բյուջեն կազմել այն կանխավարկածով, որ ռուսական շուկայում խնդիրները կշարունակվեն ամբողջ տարին։
«Եթե դա բյուջեում դնենք, ապրիորի ընդունենք, որ ամբողջ հաջորդ տարի այդ անհիմն սահմանափակումները մեր տնտեսվարողների նկատմամբ կշարունակվեն», - բացատրել է Պապոյանը՝ հավելելով, որ ակնկալում են սահմանափակումների հնարավորինս շուտ վերացում։
Միաժամանակ նախարարը պնդել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի բարձր որակի մասին է վկայում այն, որ ռուսական շուկայում առաջացած խնդիրներից հետո ապրանքներն արագ հայտնվել են Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Եվրամիության շուկաներում։
Հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումները սկսվել են գարնանը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ռուսաստանը փուլ առ փուլ արգելել կամ սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների՝ այդ թվում գյուղմթերքի, ձկնեղենի, կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ու ծաղիկների ներկրումը՝ պատճառաբանելով որակի և անվտանգության պահանջների խախտումներով։
Երևանը սեպտեմբերին դիմել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ պահանջելով ռուսական սահմանափակումները ճանաչել առևտրային խոչընդոտ։ Հարցը պետք է քննարկվեր նոյեմբերի 3-ին, սակայն, ինչպես օրերս «Ազատությանը» հայտնել էր Գևորգ Պապոյանը, Հայաստանի նախաձեռնությամբ նիստը մեկ շաբաթով հետաձգվել է։ Հետաձգման պատճառը նախարարը չէր մանրամասնել։